Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանն արդեն երկար տարիներ է, ինչ վերածվել է աշխարհին բարձրակարգ մասնագետներ մատակարարող գոտու, որտեղից«ուղեղների արտահոսքը», մանավանդ վերջին տարիներին, սկսում է ձեռք բերել ահագնացող տեմպեր: Աշխարհը կարծես ինքն իր համար նորովի է բացահայտել Հայաստանն ու անում է ամեն բան՝ հայի խելքն ի սպաս սեփական շահերի ծառայեցնելու համար: Այս միտումը զգալի է մանավանդ կիրառական մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի բնագավառներում, ուր մեր երկիրը, ըստ մի շարք անկախ փորձագիտական գնահատականների, իրոք կարողացել է գրանցելտպավորիչ արդյունքներ: Հայ մասնագետների բացահայտմանն էապես նպաստել են նաև այն հատուկ ծրագրերն ու միջոցառումները, որ կառավարությունը տարիներ շարունակ իրականացնում է: Սակայն համարել այդ ծրագրերը բացառապես դրական արդյունքներ բերող մտահղացումներ, ոչ մի կերպ չի կարելի. դրանք փաստացի նպաստում են երկրից մասնագետների արտագաղթին, որոնք, ստանալով շատ ավելի գրավիչ առաջարկներ արտերկրից, հաճույքով լքում են Հայաստանը՝ անցնելով աշխատանքի օտարերկրյա կազմակերպություններում և նույնիսկ պետական կառավարման համակարգերում: Սակայն արի ու տես, որ «ուղեղների արտահոսք» տեղի է ունենում ոչ միայն դեպի արտաքին աշխարհ,այլ նաև Հայաստանի ներսում՝ շրջաններից՝ մայրաքաղաք:
Այս իրավիճակի շտկմանն էր ուղղված ԱԺ արտահերթ նիստում «Բարձրագույն և հետբուհական բարձրագույն մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի բարձրացումը: Այս թեմայով որպես հիմնական զեկուցող հանդես էր գալիս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ում խոսքերով՝ օրենսդրությունում նպատակ է դրվել ընդունելության համար ընդունել մի կարևոր մեխանիզմ, որով ուսանողները հնարավորություն կստանան պետական պատվերի շրջանակներում, ըստ համապատասախան հայտերի անվճար սովորել՝ պայմանով,որ ուսումնառությունից հետո պարտավորվում են վերադառնալ սեփական ծննդավայր՝այնտեղ մատուցելու իրենց մտավոր ծառայությունները:
Դե ինչ, կարծում ենք՝ հրաշալի գաղափար է, որի իմաստն ու նշանակությունը կայանում է նրանում, որ պետությունը ցանկանում է օգնել դիմորդին՝ սովորելու բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ անկախ վերջինիս հնարավորություններից, ցանկանում է նպաստել նաև երկրի շրջաններում ինչ-ինչ կրթական ու կադրային խնդիրների լուծմանը: Մեր խորին համոզմամբ, սակայն, նմանատիպ մի օրինագիծ էլ հարկավոր է մշակել՝ միջպետական համաձայնագրերով սովորող ուսանողների հետագա գործունեությունը տեսանելի ու վերահսկելի դարձնելու համար. ստացվել է այնպես, որ Հայաստանից արտագաղթելը՝ այս կամ այն դրդապատճառներից ելնելով, դարձել է քաղցր երազանքի պես մի բան: Սա մանավանդ վերաբերում է հասարակության կրթված խավին, որի ներկայացուցիչներն իրենց կարիերայի հետագա աճը հիմնականում տեսնում են Հայաստանի սահմաններից դուրս: Դե իսկ դրսում կրթություն ստացողների ծրագրերում, որպես կանոն, առհասարակ բացակայում է հայրենիք վերադառնալու հեռանկարը, և սա այն պարագայում, երբ նրանցից շատերի կրթության համար վճարել և վճարում են պետությունը կամ պետական հովանավորություն վայելող հիմնադրամները: Ցավոք, մեր իրականությանն արդեն վաղուց բնորոշ է այնպիսի բացասական երևույթ, ինչպիսին պարտադիր զինվորական ծառայությունից ամեն գնովխուսափելն է, ինչն էլ շատ հաճախ ընկած է նմանատիպ նեգատիվ երևույթների հիմքում: Արտերկրում ուսումնառություն ստացածները կա՛մ առհասարակ չեն վերադառնում հայրենիք, կա՛մ էլ վերադառնալով՝ չգիտես՝ ինչով են զբաղվում: Այս ամենը գալիս է պետության ոչ համակարգվածգործելակերպից, երբ փաստացի տեղի է ունենում դրամական միջոցների վատնում. գումար ներդնել մեկի վրա, ում հետագա գործունեությունից քո երկիրը որևէ կերպ չի շահելու, անիմաստ է: Արտերկրում կրթվածների կարիքը մանավանդ զգալի է Հայաստանի պետական կառավարման համակարգում, ինչը, մեղմ ասած, չի փայլում իր արդյունավետությամբ: Բայց այս պարագայում էլ ծագում է մեկ այլ՝ հայաստանյան իրողություններից բխող հարց. եթե արտերկրում սովորածները գան ու ամեն մեկը մի-մի պաշտոն գրավի պետական համակարգում, այդ դեպքում ինչո՞վ են զբաղվելու մեր հայրենական չինովնիկների՝ ոչ այնքան խելացի զավակները, ինչպե՞ս են նրանք, այսպես ասած, պարտակվելու: Հարցն այս թողնում ենք անպատասխան՝ հնարավորություն տալով ընթերոցողին մտորելու մեզ շրջապատող իրականության մասին, ուր արդեն շա՜տ երկար ժամանակ է՝ ոչինչ չի փոխվում:
Դավիթ Բաբանով