Անչափահաս մոսկվաբնակ երիտասարդի դեմ քրեական գործ է հարուցվել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեջ նրա մասնակցության կասկածանքով, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
«Այս տարվա սկզբին Մոսկվայի հյուսիսում գտնվող ոստիկանության բաժանմունքներից մեկին դիմել է տեղացի մի բնակիչ՝ հայտարարելով, որ իր 16-ամյա որդին անհայտ կորել է: Քննությամբ պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերից դեռահասը սոցիալական ցանցերից մեկում կեղծ անվան տակ լուսանկարներ է տեղադրում, որոնցում զենքը ձեռքին և արաբական արտաքինով տղամարդկանց շրջապատում նա պատկերված է ԻԼԻՊ-ի խորհրդանիշի ֆոնին»,- ասել է նա:
Պարզվել է նաև, որ լուսանկարներն ու տեքստերը դեռահասը, որը Վրաստանի քաղաքացի է, տեղադրում է Թուրքիայում, Սիրիայում և Իրաքում գտնվող IP հասցեներից: