Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների վերակարգերն ավանդույթի համաձայն շարվել էին ստուգատեսի:

 

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական օրերին մայրաքաղաքում պարեկային ծառայություն իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

 

Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ:

 

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի ապահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերի տոնական ծառայության առանձնահատկություններին:

 

Վերակարգերը գործելու են շուրջօրյա՝ ապահովելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրաքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական և ժամանցի վայրերում, փողոցներում ու հրապարակներում:

 

Ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսևորվի հատկապես հարբած վարորդների նկատմամբ. կարգազանցները կենթարկվեն պատասխանատվության, ոստիկանական վերակարգը ուղևորներին կուղեկցի տուն, իսկ մեքենաները կտարվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

 

«Այսօր մենք ուժեղացված ռեժիմից անցնում ենք արտակարգ ռեժիմի: Արտակարգ ռեժիմը ենթադրում է, որ պետք է կանգնել քաղաքացու կողիքն ցանկացած իրավիճակում»,- ոստիկաններին ասել է Վլադիմիր Գասպարյանը: