ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ.


ՀՀ ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոների առթիվ:

 

Տարեսկիզբը ոչ միայն տոն է, այլեւ հետահայաց գնահատման, արվածը կշռելու եւ անելիքը տեսնելու հնարավորություն:

 

2011 թվականին սկսելով ոստիկանության արմատական բարեփոխման գործընթացը՝ համոզված էինք, որ զորելու ենք նորացնել ամեն ինչ՝ հայեցակարգերից մինչեւ համազգեստ, մասնագիտական պատրաստականությունից մինչեւ ծառայության տեխնիկական հագեցում, ոստիկանի կրթությունից մինչեւ սոցիալական ապահովության նոր մակարդակ:

 

Այսօր վստահաբար կարող ենք ասել՝ բարեփոխման տարիներին իսկապես որակական անցում կատարվեց ոստիկանության պրոֆեսիոնալ, գործառնական ու կառուցվածքային նոր մակարդակի: Եվ ամենակարեւորը՝ ոստիկանության նոր քաղաքականության շնորհիվ աննախադեպ աճել է հասարակության վստահությունը մեր հանդեպ, բարձրանում է մեր աշխատանքի հանրային վերահսկողության աստիճանը, ոստիկանի եւ քաղաքացու համագործակցությունը վերաճում է համատեղ աշխատանքի:
Մենք շարունակելու ենք առաջ ընթանալ բարեփոխումների ճանապարհով, քանզի դադարը հետընթաց կնշանակի, իսկ ոստիկանությունն ուղղակի պարտավոր է մեկ քայլ առաջ լինել հանրային զարգացումներից:

 

Շարունակելու ենք վերացնել թերությունները, շտկել սխալները, համակարգը համալրել ոստիկանների նոր սերնդով: Շարունակելու ենք կառուցել օրենքի ու ժողովրդի պահանջած ոստիկանությունը:

 

Համոզված եմ, որ միասնաբար ու արժանապատվորեն կիրագործենք մեր բոլոր խնդիրները, որոնց լուծմանը կոչված ենք եւ հանձն ենք առել՝ հանուն մեր երկրի ներկայի եւ ապագայի:

 

Հավատով ընդառաջ գնանք նոր ժամանակին:

 

Կրկին շնորհավորում եմ մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա առթիվ:

 

Աստված մեզ պահապան: