Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

 

 

Հանրապետության Նախագահը ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների և զինվորների հանձնել է նվերներ: Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինծառայողների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Իր շնորհավորական խոսքում Նախագահը կարևորել է մեր Հայրենիքի սահմանները հատկապես առաջնագծում պաշտպանող զինվորների ծառայությունը, ընդգծելով, որ մեր ողջ ժողովուրդը հպարտանում է նրանցով ու մեր զինվորների հետ է՝ բոլոր նրանց, ովքեր մեծ պատվով ու պատասխանատվությամբ, նաև կյանքի գնով պաշտպանում են մեր պետությունը: Հանրապետության Նախագահը զինծառայողներին մաղթել է տոկունություն և խաղաղ ծառայություն:

 

 

Նախագահն այցելել է նաև սահմանամերձ Բերդավան համայնք, հանդիպել բնակիչների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ, զրուցել բնակիչներին հուզող և հետաքրքող հարցերի շուրջ: