Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա վերջին եւ այս տարվա առաջին երկու օրերին տեղացած ձյան ու վերջին երկու օրերին շարունակվող բքերի հետեւանքով արտակարգ իրավիճակ է առաջացել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության բոլոր ճանապարհներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հայկ Աբրահամյանը, այս տարվա հունվարի մեկից շու րջօրյա գերբեռնվածությամբ են գործում ինչպես մարզի փրկարարները, այնպես էլ' ճանապարհները սպասարկող կառույցները:
«Բոլոր ուղղություններում անդադար աշխատում են ձյուն մաքրող տեխնիկաները, հարյուրավոր ահազանգերի արձագանքում են մեր փրկարարները' ձյան կապանքներից դուրս բերելով արգելափած մեքենաների շարասյուները: Սակայն սաստիկ բքերը րոպեների ընթացքում փակում են բացված ճանապարհները, կաթվածահարում տրանսպորտային երթեւեկությունը: Մեծ դժվարությամբ են սպասարկվում շտապօգնության կանչերը, մահացածներին հողին հանձնելն անգամ կապված է մեծ ջանքեր գործադրելու հետ: Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարդիկ ցանկանում են այցելել իրենց հարազաներին, ինչը նույնպես դժվար, երբեմն էլ անհնարին է: Հունվարի չորսի դրությամբ երկկողմանի փակ են մնում Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ճանապարհը, իսկ մնացած ճանապարհները բացվելուց հետո կարճ ժամանակ անց կրկին դառնում են անացանելի կամ դժվարանցանելի: Վերջին երեք օրերի ընթացքում հարյուրավոր մեքենաներ են դուրս բերվել արգելափակումից, ահազանգերը հնչում են ամենատարբեր տեղերից: Տեղական հեռուստատեսությամբ, համացանցով խնդրել ենք վարորդներին' առաջիկա երկու օրերին ձեռնպահ մնալ երթեւեկության դուրս գալուց»,-նշեց Հայկ Աբրահամյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ' ձյան բարձրությունը մարզում կազմել է 60-70 սանտիմետր:
«Արդեն հինգերորդ օրն է, ինչ մարզում գործի է դրված ողջ տեխնիկան, սակայն չդադարող բուքը նորից ձյան բարձր դեզեր է կուտակում ճանապարհներին, տեսանելիությունը դարձնում զրոյական: Խստաշունչ ցուրտն էլ մերկասառույց է գոյացրել բոլոր ճանապարհներին: Ճանապարհային երթեւեկությունը մարզում լիարժեք վերականգնելու համար դեռեւս օրեր կպահաջվեն, մինչեւ չդադարեն բքերը»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան