Ձեզանից շատերը, հավանաբար, հաճախ են լսել մեր որոշ նախարարների կողմից հնչեցրած այն միտքը, թե Հայաստանի ապագան որակյալ կրթության մեջ է:

 

 

Սկզբունքորեն դեմ չլինելով այդ տեսակետին՝ կցանկանայինք, այնուամենայնիվ, շեշտադրել մի կարևորագույն հանգամանք, որը, ըստ, մեզ, շատ հաճախ բավական նրբանկատորեն շրջանցվում է այդպիսի տեսակետ արտահայտողների կողմից.Հայաստանում չկա ձեռք բերված մասնագիտությանը համապատասխան աշխատանք և եկամուտ, ինչը մարդ ակնկալում էր, երբ ցանկանում էր կրթություն ստանալ:



Կարո՞ղ եք մեզ բացատրել, թե մարդու հատկապես ինչին կարող է պետք գալ այս կամ այն կրթական հաստատության կողմից տրամադրված դիպլոմը, եթե այն, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վատթար պայմաններից ելնելով, ակամա վերածվում է գրոշի արժեք չունեցող ինչ-որ թղթի. վճարելով երբեմն բազմահազար դոլարներ՝ այս կամ այն կրթությունն ստանալու համար, անձը հետագայում կանգնում է անլուծելի խնդրի առաջ. չի կարողանում համապատասխան կերպով ինքնադրսևորվել Հայաստանի աշխատաշուկայում:

 

 

Բայց մարազմը հասել է այն աստիճան, որ շատ գործատուներ, կազմակերպություններ մարդուն աշխատանքի ընդունելիս, որպես կանոն, նույնիսկ չեն էլ պահանջում նրանից անգամ բարձրագույն կրթության վկայական, որը, ինչպես ենթադրվում էր, տվյալ անձը պետք է որ ունենար:



Այս երևույթը բավական լայն տարածում ունի մեզ մոտ, ինչը խոսում է մեր շատ գործատուների՝ ոչ միայն քաղաքացիների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին, այլև, որ ոչ պակաս կարևոր է, սեփական բիզնեսի, չէ՞ որ առանց դիպլոմ պահանջելու՝ գործատուն չի կարող հաստատ համոզված լինել, որ իր ապագա աշխատակիցն այնպիսի մասնագիտական ունակությունների տեր է, ինչպիսին ինքն իրեն ներկայացրել է աշխատանքի դիմելիս:

 

 

Հայաստանում ստեղծված իրավիճակը, կհամաձայնեք, որ շատ դեպքերում հանգեցնում է քաղաքացիների շրջանում հիասթփության, երբ մարդ հասկանում է, որ ապրում ու աշխատում է մի երկրում, ուր ամեն բան այնքան հարաբերական է, այնքան անկայուն, որ վստահություն ունենալ վաղվա օրվա նկատմամբ, ոչ մի կերպ չի ստացվում, անգամ եթե մարդը խիստ լավատեսորեն է տրամադրված ամեն ինչի նկատմամբ: Այսօր Հանրապետությունում ձևավորվել է մի իրավիճակ, երբ քաղաքացիներից շատերը, սեփական երեխաների համար ոչ մի ապագա չտեսնելով այստեղ, կրթության չգոհացնող որակի պատճառով ուզում են գնալ արտերկիր, որպեսզի երեխաներն ավելի լավ կրթություն ստանան: Գնում են արտերկիր և չեն վերադառնում, քանի որ, ինչպես վերևում նշվեց, նրանք չեն կարող ակնկալել կրթության ծախսերին համարժեք աշխատավարձ:

 

 

Ահա և ձեզ արտագաղթի ուղին բռնելու ևս մեկ ծանրակշիռ պատճառ: Հետո էլ ոմանք ասում են՝բավարարվե՛ք միայն նրանով, որ ապրում եք ազատ, անկախ երկրում. համաձայնե՛ք, որ որևէ երկրում ապրելու համար երբեմն շատ ավելին է պահանջվում, քան պարզապես դրոշի ու զինանշանի առկայությունն է…



Բայց Հայաստանում նկատվում է մի բավական անհասկանալի երևույթ ևս. այժմ արտագաղթում են նաև կայացած, լավ վարձատրվող մարդիկ: Մի բան, որը, համաձայնե՛ք, լուրջ անհանգստության տեղիք է տալիս,և որի սոցիալական դրդապատճառներն այդպես էլ մնում են մինչև վերջ չբացահայտված: Ըստ մի շարք փորձագետների, օրինակ, այս ամենը բխում է մարդկային հոգեբանությանը բնորոշ մի շարք գծերից. այդպիսիք թեպետ ունեն եկամուտ, սակայն չունեն ինչ-որ բան փոխելու որևէ ակնկալիք, դժգոհ են հայաստանյան իրականությունից, իրենց լավ չեն զգում մի միջավայրում, որտեղ բացակայում է արդարությունը:

 

 

Եթե մի ժամանակ հիմնականում արտագաղթում էր ոչ բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող խավը, ապա այժմ գնում են նաև սոցիալապես ապահովված անձինք:



Այնպես որ՝ արտագաղթի նման տեմպերը պայմանավորել բացառապես սոցիալական գործոնով, համաձայնե՛ք, խնդրին սխալ մոտեցում ցուցաբերելու արդյունք կլիներ. այս հարցի պատասխանը հաստատ մեկ այլ տեղ է թաքնված, իսկ թե որտեղ, թողնում ենք յուրաքանչյուրիդ դատին: Մտածե՛ք այս ուղղությամբ:



Դավիթ Բաբանով