Այս տարվա հունիսին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում Տաթևիկ Ռևազյանին փոխարինեց Միհրան Խաչատրյանը: Վերջինիս հետ բավականին մեծ հույսեր էին կապվում՝ հաշվի առնելով, թե ինչ վիճակում էր ոլորտը հանձնել Ռևազյանը:
Եվ, իրոք, վաստակավոր մարդու՝ Միհրան Խաչատրյանի նշանակումը վերջին 4 տարիների խայտառակությունից հետո հասարակության կողմից ընդունվեց որպես շատ դրական և խոստումնալից քայլ։ Նրանից ակնկալվում է, որ ամեն ինչ կանի հայկական ինթնաթիռների համար Եվրոպայի օդը բացելու ուղղությամբ, որից մեզ հաջողությամբ զրկեց Տաթևիկ Ռևազյանը: Այս պահին ավիացիոն հանրության մեջ ամենից շատ շրջանառվող հարցը մեկն է՝ արդյո՞ք տրվելու են համարժեք պատասխաններ այն ամենի համար, ինչ կատարվեց ոլորտում վերջին 4 տարվա ընթացքում, թե՞ ոչ, արդյո՞ք Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ), Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) և այլ համապատասխան մարմիններ պատրաստվում են լայնամասշտաբ ուսումնասիրություններ իրականացնել «սիրուն աղջկա» արած-չարածների վերաբերյալ։ Սակայն, պետք է փաստել, որ անցած վեց ամիսների ընթացքում անգամ կոմիտեի ներսում չեն փորձել հասկանալ, թե ինչ վնաս է կառույցին և ոլորտին հասցրել Ռևազյանը:
Անշուշտ, հայկական քաղաքացիական ավիացիայի պատմական ամենամեծ խայտառակությունը տեղի ունեցավ 2020թ. հունիսին, երբ արգելվեց մեր ավիաընկերությունների մուտքը եվրոպական օդային տարածք։ Չնայած նրան, որ Միհրան Խաչատրյանը ի սկզբանե խոստանում էր քրտնաջան աշխատանքով լուծում գտնել այդ խնդրին, ինչպես տեսնում ենք՝ լուծումը դեռևս չի գտնվել, ինչը նշանակում է, որ հայկական ավիաընկերությունները շարունակում են մնալ ԵՄ սև ցուցակում և կոմիտեին չի հաջողվում ձերբազատվել Տաթևիկ Ռևազյանի թողած ժառանգությունից...