«Ուլիս-Երևան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, կալանավորված Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սիմոնյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը որևէ խաղադրույք չի կատարել, չի արել այնպիսի գործողություն, որը որևէ հիմք կարող է դառնալ քրեական գործ հարուցելու համար: «Գործը նախաքննության փուլում է: Ես հակված եմ մտածելու, որ նախաքննությունն օբյեկտիվ ընթացք կունենա և շատ հարցերի պատասխաններ կտրվեն»-, նշեց փաստաբանը:
ԱԱԾ-ն հաղորդել էր, որ 2015 թ. նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առանձին ֆուտբոլիստների միջև:
«Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գ. Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են: Հունվարի 13-ին կալանավորվել են նար մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: