Երևանի «Ուլիս» ֆուտբոլի ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը' ըստ որի, ինքը դեռևս 2015 թվականից մեղադրվում է պայմանավորված հանդիպումներ անցկացնելու և խաղադրույքներով հսկայական գումար վաստակելու մեջ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գագիկ Սիմոնյանը: «Դեռևս 2015 թվականին ինձ մեղադրեցին պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ: Բայց ես ոչինչ չգիտեի այդ մասին: ԱԱԾ-ում ինձ ասացին, որ թիմի ադմինիստրատոր Արա Ազարյանը խաղադրույքներ է կատարել Էդգար Պետրոսյանի մոտ ու, իբրև թե, շահույթը կիսել է ինձ հետ»,-ասաց Սիմոնյանը:
Վերջինս փաստում է, որ այդ ժամանակ «Ուլիս»-ը ֆինանսական խնդիրների պատճառով ցրվել էր և Հայաստանի առաջնությանը մասնակցում էր «Ուլիս»-ի երկրորդ թիմը: «Իմ դեմ ոչ մի ապացույց չկա: Հարցաքննության է հրավիրվել մոտ 20 ֆուտբոլիստ: Ես 2015 թվականին 6 ամիս ազատազրկվեցի, այնուհետև ինձ ազատ արձակեցին, իսկ հիմա դատական գործընթացը անտեղի հետաձգվում է»,-շեշտեց նախկին մարզիչը:
Սիմոնյանը պնդում է, որ ԱԱԾ-ն պետք է նորից քննություն սկսի այս գործի վերաբերյալ: