ԼՂՀ բժշկական հաստատություններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությամբ հունվարի 15-ի դրությամբ ստացիոնար բուժում են ստանում 82 քաղաքացիներ, որոնցից 38-ը՝ երեխաներ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, այս մասին հունվարի 15-ին հրավիրած մամլո ասուլիսում տեղեկացրել է ԼՂՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զոյա Լազարյանը՝ մանրամասնելով, որ հիվանդներից 47-ի մոտ ախտորոշված է թոքաբորբ՝ այդ թվում 13-ը՝ երեխաներ: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում մեկ հիվանդ, ում վիճակը միջին ծանրության է գնահատվում: Հանրապետությունում հաստատված H1 N1 գրիպի տեսակով 19 հիվանդներից 17-ն արդեն դուրս ե ն գրվել հիվանդանոցներից։

 

 

Անդրադառնալով հանրակրթական հաստատություններում առկա իրավիճակին՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալը հայտնել է, որ ամենօրյա դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ աշակերտների բացակայության միայն 4-5 տոկոսն է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությամբ պայմանավորված։ «Ընդհանուր առմամբ, բացակաների թիվը մեծ է, բայց համաճարակաբանական իրավիճակը լարված չէ, հետևաբար՝ հանրակրթական ու նախադպրոցական հաստատությունների գործունեությունն այսօրվա դրությամբ դադարեցնելու անհրաժեշտություն չկա»,- ընդգծել է Լազարյանը:

 

 

Ելնելով անհրաժեշտությունից՝ ԼՂՀ առողջապահության նախարարությունն աշխատանքները կազմակերպում է կանխարգելիչ և բուժական ուղղություններով՝ առանձնակի ուշադրության կենտրոնում պահելով հատկապես կանխարգելիչ միջոցառումները: Շարունակվում են նաև համապատասխան բուժաշխատողների բակային համայցերը, որոնք իրականացվում են բուժհաստատություններում գրանցված հիվանդների հասցեների հիման վրա։

 

 

Լազարյանը տեղեկացրել է, որ հանրապետության շրջաններում համաճարակաբանական իրավիճակն առավել հանգիստ է քան մայրաքաղաքում։ «Վերջին շաբաթվա ընթացքում ամբուլատոր, տնային և շտապ օգնության կանչերի թիվը չի աճել: Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական պարագաներով»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ հոսպիտալացված հիվանդները ստացիոնար բուժումը ստանում են պետպատվերի շրջանակներում:

 

 

Նրա հաղորդմամբ՝ առաջիկա ոչ աշխատանքային օրերին ևս բժշկական հաստատությունները կշարունակեն հերթապահությունները' ամբուլատոր հիվանդների բուժսպասարկման համար: Վերջում առողջապահության փոխնախարարը հանդես է եկել բնակչությանն ուղղված կոչով՝ սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով՝ գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության և ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել: