Սուր շնչառական հիվանդությունների, մասնավորապես գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում 2022 թվականի 45-րդ շաբաթվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է սահմանված 10% համաճարակային շեմը՝ կազմելով 13%, իսկ 46-րդ շաբաթում մնացել է գրեթե նույնը՝ կազմելով 12%: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
««Հերացի» վերլուծականի դիտարկմամբ' տարածաշրջանի շատ երկրներ (Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Մալթա, Պորտուգալիա, Շոտլանդիա, Իսպանիա, Հոլանդիա) հայտնել են գրիպի ակտիվության համատարած բարձրացման մասին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն' Հայաստանում նույնպես 2022թ. 46-րդ շաբաթում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ինտենսիվության բարձրացում, որը 1,2 անգամ գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշը: Սուր շնչառական հիվանդացությունն ամենաշատն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Ըստ նույն աղբյուրի՝ շտապօգնության կանչերի 9.7%-ը կազմում են սուր շնչառական վարակով հիվանդները, որոնք հիմնականում 0-18 տարեկան երեխաներ են:
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը, որը բժշկական օգնության ծառայություններ է մատուցում ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մարզերի բնակչությանը, 2022թ. հոկտեմբեր-նոյեմբերին սպասարկել է սուր շնչառական հիվանդացությամբ դիմած 0-18 տարեկան 519 և թոքաբորբ ախտորոշմամբ՝ 132 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպասարկած դեպքերից ցածր է համապատասխանաբար՝ 34.3%- ով և 35.6%-ով:
Այն համապատասխանում է նաև մեր երկրում գրանցված նախորդ տարվա ցուցանիշի համեմատ այս տարվա ցուցանիշի՝ 1,3 անգամ ցածր լինելուն: Սիրելի քաղաքացիներ, հորդորում ենք սուր շնչառական հիվանդությունների ախտանշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, որոնք ցուցված չեն վիրուսների բուժման համար, և անմիջապես դիմել Ձեր՝ առողջության առաջնային պահպանման օղակի բժշկին:
Լինելով պատվաստումների հետևողական ջատագովներ՝ հիշեցնում ենք, որ գրիպից պաշտպանվելու լավագույն տարբերակը շարունակում է մնալ պատվաստումը: Այն նվազեցնում է սեզոնային գրիպի հետևանքով հոսպիտալացման հավանականությունը, հոսպիտալացման դեպքում՝ կրճատում է դրա տևողությունը և կանխարգելում է սեզոնային գրիպի հետևանքով հնարավոր մահվան դեպքերը»,-գրել է նա։