Հայաստանում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ' այս սեպտեմբերին սուր շնչառական հիվանդությունների աճ չի գրանցվել: Գրացված դեպքերը պայմանավորված են բացառապես սեզոնային մրսածությամբ և ոչ վտանգավոր հարուցիչներով: Հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Վերջին շաբաթների ընթացքում հետազոտվել են բժիշկներին դիմած սուր շնչառական խնդիրներ ունեցող հիվանդների տվյալները, որի արդյունքում որևէ վիրուս չի արձանագրվել. հիվանդությունը պայմանավորված է միայն մրսածությամբ»,- ասաց նա:

 

Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ պոլիկլինիկաներում խստացվել են սուր շնչառական հիվանդների վարման կարգերը, առաջնային պլան են մղվել քարոզչական աշխատանքները: Լայնածավալ քարոզչական աշխատանքներ են տարվելու հանրակրթական բոլոր հաստատություններում՝ դպրոցներում և մանակպարտեզներում:

 

«Սուր շնչառական հիվանդություններից հնարավորինս զերծ մնալու համար պետք է ընդամենը ականջալուր լինել բժշկի խորհուրդներին, չզբաղվել ինքնաբուժությամբ, հեռու մնալ հիվանդ մարդկանցից և ամենակարևորը՝ հիվանդ վիճակում աշխատանքի կամ դպրոց չգնալ»,- ասաց Թորոսյանը: Մասնագետի խոսքով' առանձնացվում է վարակի երկու ալիք, որոնցից առաջինն սկսվում է սեպտեմբերին և շարունակվում մինչև հոկտեմբեր, իսկ երկրորդը, որն ավելի խիստ և տևական է լինում սկսվում է փետրվարին: