Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ' Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում, որը պայմանավորված է առաջնային բժշկական օգնության կազմակերպություններ դիմելիությամբ: Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ առկա չեն, իսկ հոսպիտալացվա ծ հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը և ադենովիրուսները:

 

Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով, խորհուրդ է տրվում խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդության դեպքում մնալ տանը, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, չզբաղվել ինքնաբուժմամբ, հագնվել եղանակին համապատասխան, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2014 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում ավելացել է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիությունը բժշկական կազմակերպություններ: Չնայած դրան, նկատվում է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերի նվազում: Ներկայում եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը: Վերջին շաբաթների ընթացքում հոսպիտալացված հիվանդների մոտ դիտվել է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական ա րդյունքի աճ: Տարածաշրջանի հարավային երկրներում 80% դեպքերում արձանագրվել է գրիպի Ա(H1N1)pdm09 ենթատեսակը, իսկ արևմտյան հատվածի երկրներում հիվանդների 54% դեպքում դիտվել է գրիպի Ա տեսակի (H3N2) ենթատեսակը:

 

Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում: Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում ներկայում արձանագրվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում' գրիպի Ա տեսակի և՛ H1N1պնդ09, և՛ H3N2 ենթատեսակները: