ՀՀ առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակների տարածվածության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Նախարարության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Տոնական օրերին իրականացված մշտադիտարկան արդյունքներով սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երևանում։ Ներկայումս մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված 360 հիվանդների մեծ մասը' 0-2 տարեկան երեխաներ են:
Native ads by Caramel
Անհրաժեշտ բուժման արդյունքում բոլորի մոտ առկա է լավացման դրական շարժընթաց: Նշված օրերին արձանագրվել է շտապ օգնության 81 կանչ, գրեթե նույնքան' որքան մեկ տարի առաջ: Կանչերը մեծամասամբ տրվել է մեծահասակների համար՝ պայմանավորված սուր շնչառական վարակներով: Հանրապետությունում այս օրերի ընթացքում շրջանառել են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):
Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
- հագնվե´ք եղանակին համապատասխան,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային»: