Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2014 թվականի 3-րդ շաբաթվա տվյալների համաձայն' գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա: 2014 թվականի անցած շաբաթների ընթացքում եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, ի տարբերություն 2013 թվականի նույն ժամանակահատվածի, երբ արձանագրվում էր գրիպի Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակը: Գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դրական նմուշների թիվը եղել է բավականին ցածր:

 

Ինչ վերաբերում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների լաբորատոր հետազոտություններին, ապա պետք է նշել, որ վերջիններիս մոտ արձանագրվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, 2013 թվականի միևնույն ժամանակահատվածի գրիպի Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակի դիմաց:

 

Տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ԱՀԿ տվյալների համաձայն, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Նշված երկրներում արձանագրվում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակը ևս:

 

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:

 

Իրականացվող մոնիտորինգի տվյալներով' Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը, 2014 թվականի ընթացքում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա:

 

Հանրապետությունում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը:

 

2014 թվականի անցած շաբաթների ընթացքում հոսպիտալացվել է միջին ծանրությամբ սուր շնչառական վարակների 7 դեպք, որոնց լաբորատոր հետազոտություների արդյունքում ևս անջատվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը: Վերջիններիս հոսպիտալացումը պայմանավորված է եղել բժշկական օգնության ուշ դիմելիությամբ, որոնք ստանալով համապատասխան բուժում դուրս են գրվել առողջացմամբ:

 

Ելնելով վերը նշվածից' գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությանը հիշեցնում է'

 

- խուսափե´ք հիվանդների հետ շփումից,

 

- եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,

 

- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

 

- հագնվե´ք եղանակին համապատասխան,

 

- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

 

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

 

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները: