Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սուր շնչառական վարակների առումով դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում:
«Շարունակելով գրիպի և սուր շնչառական վարակների օրական մշտադիտարկումը` պետք է նշել, որ այս պահի դրությամբ դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում:
Սուր շնչառական վարակներով պոլիկլինիական դիմելիությունը՝ համեմատելով նախորդ ուրբաթ (14.02.2020թ.) օրվա հետ նվազել է 1,4 անգամ, իսկ համեմատած նախորդ երկուշաբթվա (10.02.2020թ.) հետ՝ 1,2 անգամ:
Իրավիճակի կայունացում դիտվում է սուր շնչառական վարակներով և հետգրիպային բարդություններով հոսպիտալացումներում, չնայած այն հանգամանքին, երբ Երևան քաղաքի մանկական հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված: Համաճարակաբանական վերլուծությունների տվյալները փաստում են, որ հոսպիտալացված երեխաների 65-75%-ը մանկահասակ երեխաներն են, ովքեր, որպես ռիսկի խումբ, պետք է պատվաստվեն գրիպի դեմ:
Կրկին հիշեցնենք, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռևս չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:
Ինչ վերաբերում է կրթական հաստատություններում առկա իրավիճակին, ապա այսօրվա դրությամբ նշված կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հիվանդացությւնը կազմում է 7,1%: Վերջինս բացատրվում է այն հանգամանքով, որ ձեռնարկված «համաճարակաբանական ֆիլտրի» արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ, իսկ նրանց տվյալները տրամադրվում են պոլիկլինիկական կազմակերպություններին՝ անհրաժեշտ խորհրդատվություն և բուժում ապահովելու համար: Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններ հնարավորության սահմաններում բացառելու համար «համաճարակային ֆիլտրի» աշխատանքները կրելու են շարունական բնույթ:
Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների այսօր հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում է.
- պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային»։