Հայաստանի Հանրապետությունում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության կտրուկ նվազում' համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Երևանի մանկական պոլիկլինիկաներում որոշակիորեն նվազել է 0-2 տարեկան երեխաների դիմելիությունը։ Ներկայումս ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնք ստանում են համապատասխան բուժում:
Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների, հանրապետությունում, հատկապես մանկական հասակի քանակակազմում, դեռևս շրջանառում են շնչառական այլ վարակների վիրուսները'ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով պայմանավորված շտապբուժօգնության կանչերը:
Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանության դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, չզբաղվել ինքնաբուժմամբ, հագնվել եղանակին համապատասխան, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրներում վերջին շաբաթների ընթացքում կտրուկ նվազել է գրիպի ակտիվությունը: Մի շարք երկրներում գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշներն եղել են հիվանդացության շեմից բավականին ցածր: Այդ հիվանդությունների շարքում ցածր է եղել գրիպի վիրուսների հայտանբերումը: Նվազել է նաև ծանր սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, սակայն նվազման ֆոնի վրա արձանագրվել են գրիպի լաբորատոր հետազոտությունն երի դրական արդյունքների աշխուժացում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, եվրոպական տարածաշրջանում ներկայումս շրջանառում են գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ և Ա H3N2 ենթատեսակները: Ընթացիկ սեզոնում, նախորդ սեզոնի միևնույն ժամանակահատվածի համեմատ նկատելի նվազել են գրիպի Բ տեսակի հարուցիչների հայտնաբերումը: Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում: