Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունն այս տարվա նոյեմբերի 1-ից իրականացրել է վերին շնչառական ուղիների հիվանդությունների մշտադիտարկում, ինչի արդյունքում պարզվել է, որ վերին շնչառական ուղիների հիվանդությունների թիվն աճել է: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ԼՂՀ առողջապահության նախարարությունից, նոյեմբերին գրանցվել է 2449 հիվանդության դեպք, որը 2013թ. նույն ամսվա համեմատ աճել է 717 դեպքով:

 

Հանրապետության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում նոյեմբերին հոսպիտալացվել են սուր շնչառական վարակներով մինչեւ 18 տարեկան 57 հիվանդ:

 

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդության վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիայում արված հետազոտության արդյունքները փաստել են, որ գրիպի վիրուս չի հայտնաբերվել:

 

Նախարարությունն ամենօրյա մշտադիտարկում է իրականացնում նաեւ դպրոցներում, մանկապարտեզներում. բացակաների քանակը մանկապարտեզներում 8,7 % է, դպրոցներում՝ 2,5%: