Սիրիայում արդեն 5-րդ տարին շարունակվող պատերազմի հետևանքով այդ երկրից փախստականները խուսափում են մեկնել Ադրբեջան: Պատերազմի սարսափների պատճառով իրենց հայրենիքը լքող մարդիկ, ապաստանի որոնումներում Ադրբեջանը չեն տեսնում որպես իրենց բնակության համար հարմարավետ վայր, ինչը խոում է այն մասին, որ այդ երկրում ընդհանուր կենսամակարդակը բավարար մակարդակի չէ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, haqin.az-ի հետ զրույցում հայտնել է միգրացիայի գծով փորձագետ Ազեր Ալլահվերդիևը:

 

Նրա խոսքով' մինչ վերջերս Ադրբեջանում գտնվել են մոտ 1700 ապաստան որոնողներ (ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի 2015 թվականի վերջի տվյալներով' 1484 փախստական), սակայն նրանց մեծ մասն ուղևորվել է երրորդ երկրներ, մյուսները վերադարձել են հայրենիք:

 

«Փախստականներն ինչպես գալիս են Ադրբեջան, այնպես էլ հեռանում են: Երեք տարի առաջ 1700 փախստականների 45 տոկոսը կազմում էին չեչենները, և գրեթե նույնքան' աֆղանները: Նրանք բոլոր հեռացել են Ադրբեջանից: Իսկ մի քանի տարի առաջ Ադրբեջանի տարածքում 15 հազար չեչեններ էին բնակվում», -նշել է Ալլահվերդիևը:

 

Փորձագետը գտնում է, որ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից փախստականները Ադրբեջան չեն գալիս և ընտրում են Եվրոպան, քանի որ այնտեղ սոցիալական ծրագրերը գրավիչ են, գործում են բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, իսկ պետությունները բավարար ուշադրություն են հատկացնում այդ ոլորտին:

 

Փորձագետը նշում է, որ ևս մեկ պատճառ, թե ինչու փախստականների, այդ թվում' սիրիացի, համար Ադրբեջանը գրավիչ չէ, հանդիսանում է այն, որ Ադրբեջանում արաբալեզու արտասահմանցիների համահավաք բնակության համար վայրեր չկան, ինչպես Եվրոպայում:

 

«Այժմ Ադրբեջանում բնակվում են Սիրիայից ընդամենը 4 ընտանիք, որոնք սակայն, այստեղ են եկել մինչև նրանց երկրում ռազմական գործողություններ սկսվելը»,- ասել է Ալլահվերդիևը: