Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հայտարարել է, որ «հետնավթային» ժամանակաշրջանին սպասում էր 20 տարի հետո:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավոսում CNN հեռուստաալիքի աշխատակից Ջոն Դեֆտերիոսի հեղինակությամբ էներգետիկ ճգնաժամին նվիրված հաղորդման ժամանակ ունեցած ելույթում Ալիևը խոստովանել է, որ իրենք պատրաստ չեն եղել նավթային եկամուտների նման կտրուկ նվազմանը:

 

«Մենք «հետնավթային» ժամանակաշրջանին սպասում էինք ոչ թե այժմ, այլ 20 տարի հետո: Նավթի գների շարունակական անկումը հոգեբանորեն խիստ ճնշող է»,- նշել է նա և հույս հայտնել, որ իրենց կհաջողվի հաղթահարել ստեղծված բարդ իրավիճակը:

 

Ալիևը նաև խոստովանել է, որ ազգային արժույթի' մանաթի փոխարժեքը արհեստականորեն բարձր է պահվել, և երբ այն գրեթե երկու անգամ արժեզրկվել է, «մարդիկ դրան պատրաստ չեն եղել»:

 

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի' նավթի գնի ապագայի հետ կապված Ալիևը հույս է հայտնել, որ տարվա երկրորդ կեսից այն կսկսի բարձրանալ և 2017 թվականին կկազմի 60-70 դոլար:

 

Ադրբեջանական մանաթն ԱՄՆ դոլարի նկատմամբ վերջին մեկ տարում գրեթե 100 տոկոսով արժեզրկվել է: Ադրբեջանում բոլոր բնագավառներում թանկացումներ են սկսվել: Վերջին օրերին Ադրբեջանի ամբողջ տարածքում թանկացումների դեմ բողոքի ակցիաներ են սկսվել:

 

Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, ՀՆԱ-ի 40 տոկոսը կազմում է նավթը:

 

Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 50 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 20 դոլարով ցածր է: Ներկայում Բաքվի «սև շուկայում» ամերիկյան մեկ դոլարը գնվում է 2 մանաթով, իսկ որոշ տվյալներով' 3-4 մանաթով: