ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քննարկման փաստի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության տեքստում համանախագահները հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միակ ընդունելի ձևաչափը Մինսկի խումբն է:

 

«Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևերը, ուստի և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին, ինչպես նաև մյուս տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ ընդունված ձևաչափը բանակցությունների համար: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, սակայն հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- ասվում է հայտարարության տեքստում:

 

Համանախագահները հայտնել են, որ ողջունում են բոլոր ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը և պատրաստ են համատեղ աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր հավատարիմ են խնդրի խաղաղ կարգավորմանը:

 

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կմեկնարկի հունվարի 25-ից: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է երկու հակահայկական զեկույց: Զեկույցներից մեկը, որի հեղինակն է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը կրում է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումը: Երկրորդ զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարին և կրում է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» խորագիրը: Զեկույցի հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Հակահայկական բանաձևերը քվեարկության կդրվեն հունվարի 26-ին: