ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Էնդրյուն հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են՝ ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:
Ըստ համանախագահների՝ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ նրանք ամբողջապես հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտության միջնորդական ջանքերին:
«Մեր երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ:
Բանակցություններում ոչ մի հաջողություն չի կարող լինել շարունակվող բռնությունների պարագայում և ավելին, չի կարող լինել խաղաղություն, առանց բանակցությունների: Մենք պնդում ենք, որ չի կարող լինել հակամարտության լուծում ռազմական ճանապարհով»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ: