Վերջին շրջանի հայաստանյան տնտեսական կյանքին վերաբերող ամենաշատ ու բուռն կերպով քննարկվող թեմաներից մեկը գազի գներն են դարձել:
Նույնիսկ ամենաբարձր օղակներից հավաստիացումեր են սկսել հնչել, թե ոչ ուշ ապագայում հնարավոր են Հայաստանում գազի գների իջեցումներ տեղի ուենան. այս խնդրով կառավարությունում մտադրվել են բանակցել ռուսների հետ, ինչի արդյունքում էլ պարզ կդառնա` էժանանալո՞ւ է երկնագույն վառելիքը, թե՞ մնալու է նախկին գնին:
Այն, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում բավական էժան գներով, հայտնի իրողություն է.պաշտոնապես Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 165 դոլարով: Բայց արի ու տես, չգիտես ինչ հրաշքով, մեր գազասպառողներին գազը հասնում է 320 դոլարով: Սա մի խնդիր է, որի մասին խոսվել ու գրվել է բավական շատ, սակայն բոլորիս համար, խոշոր հաշվով, անհասկանալի է մնացել մի կարևորագույն հարց' ինչո՞ւ է գազը հայ սպառողին հասնում գրեթե կրկնապատկված գնով, ո՞րն է, գրո՛ղը տանի, այս հանելուկի պատասխանը:
Ըստ մի շարք տնտեսագետների,այդ թվում և' ռուս, խնդիրը բավական նուրբ է: Նման խճճված իրավիճակի պատճառը, նրանց համոզմամբ,կարող է լինել միջնորդ օղակը,որի կողմից սահմանված մարժան, պարզվում է, այնքան էլ կարող է արդարացված չլինել, ինչը, ամենայն հավանականությամբ,կապված է հարցին «մատների արանքով» նայելու հետ: Այսինքն' փաստացի ստացվում է, որ Հայաստանի ներքին սպառողի համար կրկնակի թանկ գազ ձեռք բերելը պայմանավորված է բացառապս տեխնիկական պատճառներո՞վ:
Դուրս է գալիս, որ այսքան ժամանակ մեզ կատարյալ հիմարի տե՞ղ էին դնում, ի՞նչ է: Չնայած մեր երկրում տեղի են ունեցել և ունենում այնպիսի բաներ, այնպիսի զավեշտալի երևույթներ, որ նոյնիսկ եթե ստեղծված իրավիճակի պատճառը բացառապես տեխնիկական թյուրիմածությունն էլ լիներ, ապա էլի չէինք զարմանա. բոլորս ենք հիշում Հայաստանում էլեկտրաէներգիայի վաճառքի կամ սակագների թանկացման հետ կապված խնդիրը:
Եկավ նոր սեփականտերը և հարցերը լուծվեցին. կրճատվեցին ծախսերը, ընկերությունը նոր շունչ ստացավ ու սկսեց վնասաբեր համարվող ձեռնարկությունից վերածվել եկամտաբեր հաստատության: Պատմությունը կարծես կրկնվելու միտում ունի, և ամենևին էլ չի բացառվում, որ մոտ ապագայում գազի խնդիրը գտնի իր տրամաբանական լուծումը: Համաձայնե՛ք, որ գազի խնդիրը մի տեսակ մշուշոտ, մառախլապատ խնդրի է վերածվել մեզանում, և հասունացել է պահը, որ բնակչությանը հստակ ներկայացվեն և հրապարակվեն գազի գնի գոյացման սխեմաները: Բանը նրանում է,որ ստեղծված իրավիճակում միջնորդ օղակները շատ հարմար իրավիճակում են հայտնվել. մարդիկ «օդից փող են բռնում»:
Միգուցե այս ամենում շատերը մեղադրեն ռուսական «Գազպրոմին», սակայն պարզ է, որ եթե անգամ մենք' բոլորս, անմեղ զոհերն ենք այս ընկերության կողմից վարվող քաղաքականության, ապա այդ ամենը տեղի է ունեցել բացառապես իշխանություների թողտվության արդյունքում: «Գազպրոմը» հո իմ քեռու տղան չէ՞, որ իմ նկատմամբ հատուկ վերաբերմունք պահանջեմ,մարդիկ «բաշարում» են, ստվերային համաձայնության են գալիս մի քանիսի հետ ու սկսում քամել բոլորիս' ձեռքի հետ էլ զբաղվելով աչքակապությամբ. հայտարարում են մեկ գին, վաճառում միանգամայն այլ գնով: Որոշ տնտեսագետներ, փորձելով ելք առաջարկել այս անհեթեթ իրավիճակից, կարծիք են հնչեցնում, թե եթե «Գազպրոմը» ուղղակիորեն զբաղվեր բնակչությանը գազի վաճառքով' առանց միջնորդ օղակների, ապա սպառողների համար սակագինը կլիներ շատ ավելի ցածր, քան հիմա է: Այժմ ստացվում է, որ միջնորդ օղակն իրեն է վերցնում ձևավորված գնի կեսից ավելին:
Դե ինչ, ավելին ոչինչ չունեմ ավելացնելու. խնդիրն արցունքի պես պարզ է ու հասկանալի: Մնում է' մերոնք տեղից շարժվեն ու մեկընդմիշտ լուծեն այս խնդիրը: Բայց ահա հենց այստեղ է մեծագույն հարցը, թե արդյոք նույն մերոնք կշարժվե՞ն իրենց չինովնիկական աթոռներից, թե՞ ոչ, կշարունակե՞ն ջայլամային վարք ցուցաբերել' ձևացնելով,թե գազի գինը 165 դոլար է, թե՞ մեկընդմիշտ կլուծեն այս խնդիրը' ի պատիվ մեզ ու իրենց: Զինվե՛նք համբերությամբ ու սպասե՛նք իրադարձությունների զարգացմանը:
Դավիթ Բաբանով