«Դուռը բացվեց, և իմ դիմաց կանգնեց միջահասակ, թխադեմ, նիհար ու ոսկրոտ, սև ու շողարձակ աչքերով մի պատանի», -պատմում է գրականագետ Հովհաննես Ղազարյանը («Պարույր Սևակ. Մուտք»):

 

Ահա գեղջկական արտաքինով այս թխադեմ տղան հանրային գրադարանը բացվելուն պես ուսանողական մեծ ընթերացասրահի մեջտեղում տեղ էր զբաղեցնում առավոտից իրիկուն և առանց շուրջը նայելու, կլանված պարապում: «Այնուհետև շատ արագ հղկված, գեղջկական տեսքից հեռացած նույն երիտասարդին, որի Պարույր Սևակ լինելը արդեն գիտեի, հաճախ տեսնում էի Կուլտուրայի տան շրջակայքում», - կարդում ենք գրականագետ Ալմաստ Զաքարյանի հուշերում:

 

Ինչպես նկատում է Սուրեն Աղաբաբյանը, թեև Սևակը սովորական «հողեղեն» ուսանող էր, ինչպես բոլորը, բայց տարբերվում էր բոլորից իր վաղահասությամբ: Նրա վաղահասությունը պայմանավորված է ոչ միայն գեներով, այլ նաև գիտելիքների անհուն ծարավով և աներևակայելի աշխատասիրությամբ:

 

Այդ տարիներին համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները համարվում էին ամենաաշխատասերները` «ճգնողները», իսկ նրանց մեջ էլ առանձնանում էր Պարույր Սևակը` իբրև ամենաաշխատասերը:

 

Սևակը կարդում, ուսումնասիրում, խորանում էր հափշտակության աստիճան: Ուզում էր շատ բան իմանալ, ամեն ինչ իմանալ: Ոչ միայն բանասիրությունից և բանասիրությանը հարակից մյուս գիտություններից, այլև «ճշգրիտ գիտություններից»:

 

Այս օրերին նրա` բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի ուսանող Պարույր Ղազարյանի անունը զրնգում էր համալսարանով և հանրակացարանով մեկ, իբրև խելացի, հարուստ ու խոր գիտելիքների տեր, մեծ ապագա խոստացող բանասերի:


Հենց այս օրերին բոլորը փափագում էին ծանոթանալ «լեգենդ» դարձող ուսանողի հետ:

Իսկ ինքը գույն էր ամեն ինչում, նրա հետ միապաղաղ կյանքն իսկ արտիստիկ է: Չէր ձանձրանում ամենօրյա և միապաղաղ խոհանոցային հոգսերից, նա իր գործն անում էր մեծագույն պատրաստակամությամբ, անձնաձրույթ, կարելի է ասել` արվեստով, ինչպես ինքն էր ասում.«Ամենահասարակ գործն էլ պետք է անել սիրով»:


Անսովոր էր ամեն ինչում, թեպետ իրեն հասարակ էր պահում, մասնակցում էր շուկայական առևտրին, մասնակցում այն ժամանակ շատ տարածված ուսանողական-խմբակային տուրոդմբոցներին:

 

Միակ ոչ հողեղեն գիծը, որ մեծերի հատկանիշն ենք դիտարկում, նրա քչակերությունն էր: Ինչպես ժամանակակիցներն են պատմում, նա ոչ միայն «ստամոքսի գերի» չդարձավ, այլև մինչև կյանքի մեջ մնաց սակավապետ, չունեցավ անգամ քաղցի զգացում: Նա ևս Չարենցի նման աներևակայելի չափերով քչակեր էր, ուտում էր քիչումիչ, կարծես պարտք կատարելիս լիներ: «Չգիտեմ ինչպես Չարենցի դեպքում,- իր հուշերում գրել է Ալմաստ Զաքարյանը, - բայց Պարույրի քչակերությունը, երևի թե, նաև ինչ-որ չափով գալիս էր նրա ֆիզիոլոգիայից: Նա չուներ ճաշակելիքի ու հոտոտելիքի զգացողություն, և զարմանալի է. 50-ական թվականներին գրած մի հոդվածում, անդրադառնալով Սևակի բանաստեղծության, Գևորգ Աբովը գրել էր, թե «այս տղան» համի ու հոտի զգացողություն չունի: Պարույրը մնացել էր ապշած. - Ինչպե՞ս է որսացել … Հետո բացատրում էր. – Բա ո՞նց, խորհրդապաշտական ու ֆուտուրիստական հիմնավոր դպրոց է անցել … »:


Շատերս ուշադրություն չենք էլ դարձնում այն հանգամանքին, թե ինչու է մեր մեծերի սովորական առօրյան անսովոր երևում. գուցե նրա համար, որ առօրյա գործերին, հոգսերին, անհարմարավետ կենցաղին այլ կերպ էին նայում: Մեզ համար նրանց հասարակ կենցաղը, սովորական իրերն ու երևույթները մոգական են երևում ու կերպարանափոխված: Ահա հենց այդ անսովորը ճաշակելու գայթակղությունն է այն օրերի ուսանողներին ու շատ-շատերին հմայել հասարակ, անշուք հանրակացարան. «Պարույրի զորությամբ,-գրում է Սուրեն Աղաբաբյանը, - հանրակացարանային սենյակը դարձել էր համաքաղաքային գրական հավաքատեղի, ուր «անցագիր» ունեին Երևանի գրեթե բոլոր սկսնակ բանաստեղծները, էլ չեմ խոսում «անվանիների» մասին…»:

 

Շքեղությունից ու կենցաղից զուրկ հանրակացարանային իրերը, իհարկե, այլ գույն կստանային, քանի որ մթնոլորտը լի էր աֆորիզմներով ու թևավոր խոսքերով: Սևակը թևավոր խոսքերի ու պարադոքսային ձևակերպումների անմրցակից վարպետ էր, շատ էր սիրում ուրիշների` գեղարվեստագետների ու մտածողների թևավոր ասույթներն ու երևույթների խտացած բանաձևումները: Նա կարողանում էր ամենասովորական, առօրեական խոսք ու զրույցն անգամ զարդարել աֆորիզմային կուռ դարձվածքներով, բանահյուսական, ասացվածքային հղումներով:

 

Սևակն անբացատրելի իշխանություն ուներ շրջապատի վրա: Նրա ներկայությամբ ամեն ինչ` իրերը, երևույթները, մթնոլորտը երևում էին միանգամայն ուրիշ տեսքով, ուրիշ չափ ու կշռով:

 

Քրիստինա Աբրահամյան