ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի համար 2015թ-ը ձեռքբերումների տարի էր: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ չի եղել մի դեպք, երբ որեւէ հարց մշակվի եւ տարվա ընթացքում հարցը լուծում չստանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, միաժամանակ Օհանյանը 2015-ը որակում է, որպես լարված տարի: Այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում նախարարը հիշեցրեց, որ հակառակորդի կողմից լարվածությունը չէր թուլանում, իսկ դիվերսիոն գործողություններին զուգահեռ հայկական դիրքերի ուղղությամբ արձակվում էին խոշոր ականանետեր: «ՀՀ Զինված ուժերը զինված հակամարտության պարագայում էլ զսպել են հակառակորդին ոչ միայն պաշտպանական մարտերի ժամանակ, այլեւ իրականացրել են կանխարգելիչ գործողություններ: Նրանք ապահովել են խաղաղ իրավիճակ: Իհարկե մեզ համար խաղաղությունը հարաբերական է, քանի որ ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում»,- ասաց Օհանյանը:
Նա շեշտեց, որ նախորդ տարի մեծ ուշադրություն է դարձվել հրամանատարաշտաբային պատրաստությանը, զինվորների մարտական ոգու բարձրացմանը, անհատական պատրաստվածությանն ու դաշտային վարժվածությանը: Նախարարի գնահատմամբ, օրակարգում առկա այդ հարցը փայլուն մակարդակով է իրագործվել, ինչի շնորհիվ զինվորներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են պատվով: Նախորդ տարի ռազմական արդյունաբերության հարցը նույնպես եղել է օրակարգային: Նախարարի գնահատմամբ, այս հարցում նույնպես գրանցվել են հաջողություններ: Հաջողություններ են եղել նաեւ բանակ-հասարակություն հարաբերությունում:
Ասուլիսի ավարտին բանակ-հասարակություն կապում իրենց դերակատարությունն ունեցող մի խումբ լրագրողներ արժանացան պատվոգրերի եւ մեդալների: Գնահատվել է նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Գեւորգ Պերկուպերկյանի աշխատանքը: Վերջինս արժանացավ պատվոգրի բանակ-հասարակություն կապն ամրապնդելու գործում ունեցած մեծ դերակատարման համար: