Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախի նախագահի ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների ևանձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է յուրաքանչյուր հայի համար:
Հայոց փառապանծ բանակն անկախության ծնունդն է, ողջ հայ ժողովրդի հպարտությունը, որին նա սիրում ու փայփայում է հարազատ զավակի պես: Նրա քաջարի զինվորներն այսօր էլ, իրենց հերոս պապերի ու հայրերի օրինակով, անձնվիրաբար ծառայում են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին' ցուցաբերելով անկրկնելի սխրանք ու խիզախություն:
Բանակի ստեղծման ու կայացման, նրա շարունակական զորացման ու բարգավաճման գործում մեծ է Ձեր անձնական ավանդը: Դուք արել և անում եք հնարավորը հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման, համազգային խնդիրների լուծման ու նպատակների իրականացման ուղղությամբ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմին' այս նվիրական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ' ի փառս Մայր Հայրենիքի և հարազատ ժողովրդի»: