Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ:

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ։

Մայիսի 9-ը վաղուց արդեն դարձել է մեր հերոս ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Պատմությունը մեկ անգամ չէ ապացուցել, որ տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի համար վճռորոշ պահերին մենք կարողացել ենք համախմբվել եւ պաշտպանել համազգային շահը, մեր հողն ու օջախը, ընտանիքն ու երեխաներին։ Մեր ժողովրդին դա հաջողվել է իր խիզախության ու արիության, հայրենիքի հանդեպ անսահման սիրո եւ նվիրվածության, իր միասնականության ու անսասան կամքի շնորհիվ:

Մենք միշտ հիշում ենք մեր հերոս հայրերի ու պապերի սխրագործությունները Մեծ Հայրենականում, մենք դաստիարակվել ենք նրանց օրինակով ու նաեւ այդ օրինակով էլ ոգեշնչված ազատագրել ենք Շուշին, հայկական հինավուրց բնակավայրերը եւ կերտել ազատ ու անկախ պետականություն:

Մեր ժողովրդի հերոսական ավանդույթներն այսօր շարունակում է անկախության սերունդը, շարունակում է պատվով ու վստահորեն՝ հարստացնելով մեր տարեգրության հաղթական էջերը։

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Այս տոնական օրը ես շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Արցախում, Մայր Հայաստանում եւ Սփյուռքում: Թող մայիսյան նվիրական հաղթանակները միշտ ուղենիշ լինեն մեր ժողովրդի համար եւ տանեն դեպի նոր նվաճումներ ու ձեռքբերումներ։ Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք»: