Հայոց բանակն ամբողջ տարածաշրջանում զորավոր հեղինակություն ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 28-ին նշեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: «Բանակի նկատմամբ բացառիկ ուշադրություն եմ ունեցել ոչ միայն ազգայինի կազմավորման, այլև սովետական շրջանում: Մեր բանակի կազմավորման օրերից պարզ է, որ երկրապահ կամավորականները և այն ջոկատները, որ ստեղծվեցին հայրենասիրության վրա, փառապանծ գործ արեցին: Հետագայում բանակի կազմավորման համար մեծ մտահոգություններ կային: Մոնթե Մելքոնյանի հետ Սեդայի միջոցով նամակագրական կապ էինք պահում, Սեդան բերեց Մոնթեի նամակը, որ եթե Ռազմիկը հրավիրի Հայաստան, կգամ: Արդեն ղարաբաղյան շարժումն սկսվել էր, Սեդայի հետ եկան մեր տուն, Մոնթեին ասացի, որ պետք է գնա Ղարաբաղ: Մեկ շաբաթից վերադարձավ, ասաց, որ մեծ ոգևորություն և մղում կա երիտասարդների մեջ, բայց անպատրաստ են, պիտի գնա, զբաղվի այդ խնդիրներով»,- նշեց Ռազմիկ Դավոյանը:

 

Բանաստեղծը վերհիշեց հայոց բանակի կազմավորման ընթացքը: «Մեր բանակը և ժողովուրդը միասնական մարմին լինելու անհրաժեշտություն ունեն, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ինձ հուսադրում են: Ծնողները ոչ թե իրենց երեխային ուղարկում են անհայտություն, ինչպես սովետական ժամանակաշրջանում էր, այլ կարող են գնալ, տեսնել երեխային, շփման մեջ լինել: Եթե այս գործընթացը զորանա, բանակն ու ժողովուրդն ավելի միասնական կլինեն»,- նշեց նա:

 

Ռազմիկ Դավոյանի խոսքով' առկա է զինվորների անհատական պատրաստվածության խնդիր, որը պետք է հասնի կատարելության: «Համարժեք կրթական դաստիարակչական աշխատանքը միանգամից չի կարող ազդել, ընտանիքի դաստիարակությունը մեկ այլ կարևոր հարց է»,-նշեց նա' ընդգծելով, որ թեև վերջին տարիներին ավելի քիչ է այցելում զորամասեր, բայց մեծ տարբերություն է նկատում այսօրվա և նախկին բանակի հետ: