Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փետրվարի մեկից նոր կազմով՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ սկսել է աշխատանքները:
«2016 թվականի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նոր նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նորացված կազմը սկսել է հանձնաժողովի աշխատանքները: Տիգրան Սարգսյանը հաստատվել է այս պաշտոնում ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի՝ ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների կողմից»:
Մասնավորապես, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ' միության յուրքանչյուր պետություն կոլեգիայի երեք անդամի փոխարեն հանձնաժողովում ներկայացված է լինելու երկուսով: Այդպիսով, հանձնաժողովի կազմը փետրվարի մեկից կազմում է 10 նախարար: Հանձնաժողովում, բացի նախագահից, նոր դեմք է նաև Վերոնիկա Նիկիշինան, ով ներկայացնում է ՌԴ-ն և զբաղեցնում է Առևտրի նախարարի պաշտոնը՝ փոխարինելով Անդրեյ Սլեպնյովին:
Բացի այդ, Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովում ստեղծվել է նոր պաշտոն՝ ներքին շուկաների, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով նախարար: Այդ պաշտոնը զբաղեցնում է Հայաստանի ներկայացուցիչ Կարինե Մինասյանը:
Համաձայն ԵԱՏՄ պայմանագրի՝ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գլխավորելու է 4 տարի ժամկետով: