Հայտնի՞ է, արդյոք, թե ժամանակակից աշխարհում հատկապես ի՞նչ չափանիշներով են որոշում այս կամ այն երկրի քաղաքակրթվածության աստիճանը: Տարբեր քաղաքակրթություններում, անշո՛ւշտ, տարբեր են պատկերացումներն այս հարցի վերաբերյալ, սակայն վստահ ենք՝ ինչպիսի արժեհամակարգի կրող էլ հասարակությունները լինեն, դրանցում ամենաարժեքավորներից ու ամենագնահատելիներից մեկը պետք է համարվի մարդասիրությունը:
Համաձայնե՛ք, որ հայերս աշխարհի այն քիչ ժողովուրդների թվին ենք դասվում, որոնք իրենց պատմությամբ ու անցած ուղիով են ապացուցել, որհումանիստական արժեքների իսկական կրողներ են ու առանձնապես չեն տառապում Երկրի վրա սեփական գերիշխանությունը հաստատելու համար այլոց ստրկացնելու կամ ոչնչացնելու անհագուրդ ձգտմամբ. ասածիս մեջ համոզվելու համար կխնդրեի ընթերցել մեծ մտածողների ու հեղինակավոր մարդկանց կողմից հայերիս մասին արտահայտած մտքերը:
Բայց որքան էլ դժվար լինի խոստովանելը, այնուամենայնիվ, պետք է ասենք, որ հատկապես վերջին տասնամյակների ընթացքում ահռելի բացասական փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն պետության, այլև, որ ոչ պակաս կարևոր է, ներհասարակական կյանքում, մարդկանց ուղեղներից ներս՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:
Այսպես. համաձայն ոչ պաշտոնական տվյալների, որոնք, ինչպես գիտեք, հազվադեպ են հակասում իրականությանը, Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 է, որոնցից ընդամենը 103-ն ապրում են անօթևանների ժամանակավոր կացարանում, մնացածները, ստիպված, սեփական գոյությունը քարշ են տալիս մութ ու ցուրտ փողոցներում։ Իսկ Գյումրիում, օրինակ, մի ողջ հասարակական շերտ է գոյացել, որի անդամները, հավանաբար, ավելի վատ վիճակում են հայտնվել, քան, հավանաբար, այս մի քանի հարյուր մարդիկ. վերջերս լրատվամիջոցներից որոշներն անդրադարձել էին տնակում բնակվող ազատամարտիկի դեպքին, ով ցրտահարությունից մահացել էր նույն այդ տնակում: Հիմա ի՞նչ, համարենք, որ նրանք, ովքեր ունեն տնակներ, անօթևաններ չե՞ն, համարենք, որ նրանք դո՞ւրս են անօթևանների ցուցակից: Եթե ուզում եք ճիշտն իմանալ, Գյումրիի ուղիղ կեսն այսօր անօթևան է, և ոչ միայն Գյումրիի, իհարկե…
Շատերը կարող են կարծել, թե նման իրավիճակները ծագում են՝ բացառապես սուբյեկտիվ գործոններից ելնելով, և այս ամենից առանձնակի ողբերգություն սարքել պետք չէ. մեզանից տասնյակ անգամներ ավելի զարգացած ու հարուստ երկրների քաղաքներում ու մայրաքաղաքներում ևս կարող ես հանդիպել հազարավոր անօթևան մարդկանց, որոնց վիճակը մեր անօթևանների վիճակից առանձնապես չի էլ տարբերվում: Նմաններին կասենք՝ իսկ ձեզ ո՞վ է ասել, որ այդ երկրները սոցիալական արդարության մարմնավորում են, մի՞թե դրանք էլ, որպես բարձրագույն արժեք, իրենց համար նույն փողը չեն սահմանել, մի՞թե այնտեղ էլ, մեզ պես, մարդուն չեն չափում բացառապես նրա գրպանի պարունակությամբ…
Այդ դեպքում էլ ո՞ւր մնացին հայի մարդասիրության մասին պատմող առասպելները,արժեհամակարգային գերազանցությունն այլոց նկատմամբ… Գրեթե ամեն օր կհանդիպես լուրերի, որոնք «ավետում» են այն մասին, թե ինչպես է կառավարությունը վարկեր վերցնում, պարտքեր կուտակում, դրամաշնորհներ ստանում… Կցանկանայի մի հարց ուղղել պատկաններին՝ մի՞թե այդքան դժվար է այդ 400 մարդկանց փողոցից հավաքելը, նրանց համար տարրական պայմաններ ստեղծելը՝ թեկուզ յուրաքանչյուրին անհատապես օգնելու տարբերակով:
Փաստ է՝ Հայաստանում օր օրի ավելանում է ծայրահեղ չքավորների թիվը, օր օրի երկիրը սոցիալական անկում է գրանցում, ինչի դրդապատճառները, համաձայնե՛ք, նախևառաջ արժեհամարգային են: Որքա՞ն կարող է այս կամ այն բարերարը սեփական ուսերին առնել պետության գործառույթները՝ պարբերաբար օգնություն տրամադրելով կարիքավորներին: Հարց է ծագում՝ իսկ ո՞ւր է «պետություն» կոչվածը,որտե՞ղ են պատկան մարմինները՝ իրենց պատկան չինովնիկներով հանդերձ, թե՞ նրանք զբաղված են բացառապես հարազատ պետության փողերը լվալով… Սթափվե՛ք, պարոնա՛յք չինովնիկներ,երկիր ենք կորցնում, հասկացե՛ք վերջապես, որ խորտակվող նավից դուրս թռչելն այնքան էլ հեշտ բան չէ, ու եթե մի օր Հայաստանը դադարի իր գոյությունը, դրա մեղքի «առյուծի բաժինը» հենց ձեր ուսերին է ծանրանալու, իսկ այդ դեպքում ինչպե՞ս եք պատասխան տալու սերունդների առաջ, երբևէ մտածե՞լ եք այդ մասին…
Դավիթ Բաբանով