Այն, որ մեր երկրում արդեն վաղուց գյուղատնտեսական նշանակության վարկերը շատ ու շատ հայ գյուղացիների գլխին իսկական պատուհաս են դարձել, կարծում ենք` գիտեք շատերդ:

 

 

Չնայած այդ վարկերը ի սկզբանե գյուղացու կյանքն ու արտադրական գործունեությունը հեշտացնելու համար էին նախատեսված, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դրանք իրենց չարդարացրեցին.գյուղացիների բացարձակ մեծամասնությունը վարկային զանազան պատմությունների ու խնդիրների պատճառով ակամա վերածվել է հայաստանյան դրամատների իսկական զոհերի:

 

 

Վարկերը ժամանակին չփակելու արդյունքում` շատ գյուղացիներ ներկայումս կանգնած են սեփական ինչքը կորցնելու եզրին, իսկ նրանցից շատերն էլ արդեն հասցրել են ունեզրկվել` ստիպված լինելով հագուրդ տալ բանկերի քմահաճույքներին:

 

 

Չնայած, հատկապես վերջին շրջանում կառավարությունը ինչ-ինչ քայլեր է ձեռնարկել առաջացած խնդիրը կարգավորելու համար` պատրաստակամություն հայտնելով սուբսիդավորել գյուղացուն տրվող որոշ վարկատեսակներ, ակնհայտ է, սակայն, որ այդ միջոցառումները անզոր են իրավիճակ փոխելու, ու կրկին գյուղացին մնում է մեն-մենակ սեփական խնդիրների հետ`հաճախ ստիպված լինելով վերցնել նոր վարկ` հինը փակելու նպատակով:



Արդյունքում` ստեղծվում է իսկական լաբիրինթոսային իրավիճակ, որից դուրս գալու ելքը պարզապես չի նշմարվում: Նման իրավիճակի հիմնական պատճառը, իհարկե, այն պայմաններն են, որոնցով բանկերը վարկ են տրամադրում հայ գյուղացուն. դրանց տոկոսադրույքներն անբնական բարձր են և շատ հաճախ տատանվում են 18-24%-ի սահմաններում, ինչը, հաշվի առնելով մեր գյուղերում տիրող աղքատության մակարդակը, էապես բարդացնում է այդ վարկերի հետագա մարման հնարավորությունները: Իսկ իրենց կողմից սահմանված նման բարձր տոկոսային դրույքները նույն բանկերը պայմանավորում են տրամադրվող վարկերի բարձր ռիսկայնությամբ`առանց հաշվի առնելու դրանց սոցիալական նշանակությունը. հետո էլ որոշ իշխանամետ տնտեսագետներ ու չինովնիկներ պարծենում են, թե չնայած մի շարք երկներում տիրող ֆինանսաբանկային համակարգի անկայունությանը`Հայաստանին հաջողվել է զերծ մնալ նմանօրինակ ցնցումներից: Դե իհարկե կհաջողվի, չէ՞ որ նույն այդ բանկերը զբաղված են ընդամենը հասարակ ժողովրդին կեղեքելով. ուրեմն` ո՞րն է դրանում մեր վաստակը:



Որքան էլ, սակայն, տարօրինակ հնչի, գյուղատնտեսական վարկերի ոլորտում ստեղծված նման խայտառակ իրավիճակի բուն պատճառը մնում է այդպես էլ անհասկանալի: Մասնավորապես, մութ է մնում այն հարցը, թե ինչպես է ստացվում, որ Համաշխարհային բանկի կողմից, ասենք, ընդամենը 0.7 %-ով տրամադրած վարկը մեր գյուղացուն հասնում 12-14%-ով: Այս ամեից ելքը ընդամենը միակն է. պետությունը պետք է ուժեղացնի վերահսկողությունը տրամադրվող վարկերի նկատմամբ: Պետությունը պարտավոր է անել ամեն ինչ`խրախուսելու հայ գյուղացուն, որպեսզի նա մնա իր հողին կարչած ու զարկ տա գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը. սա տնտեսության հենց այն ոլորտն է, որում ամենամեծն է մարդկային գործոնը, քանի որ բարիք ստեղծողը հենց մարդն է:

Դավիթ Բաբանով