Հայաստանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու մասին նախագիծ, որով պատրաստվում է գույքի իրական արժեքը մոտեցնել շուկայականին ու նոր չափորոշիչների հիման վրա իրականացնել գույքի հարկումը։
Գաղափարը ոչ միանշանակ արձագանք է գտել հասարակության մեջ և փորձագիտական շրջանակներում։ Ոմանք կարծում են, որ հարուստները պետք է ավելի շատ վճարեն, մյուսները, սկզբունքորեն դեմ չլինելով, կանխատեսում են, որ հարկային օրենսդրության խստացումը հարուստների նկատմամբ կդրդի նրանց թաքցնել իրական եկամուտները։ Հարկի այդ տեսակը ներմուծելու դեպքում շքեղ առանձնատների և էլիտար բնակարանների տերերը հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի թաքցնեն իրենց ունեցվածքը. կարող են ունեցվածքի մի մասը գրանցել ազգականների անունով, կարող են ինչ-որ սողանցքներ գտնել` «ստվեր» անցնելու համար։ Պետք է պատասխանել նաև հետևյալ հարցին. արդյո՞ք կառավարությունը նախատեսում է կրճատել համայնքներին տրամադրվող բյուջետային դոտացիաները նույն չափով, որքանով լինելու են լրացուցիչ եկամուտները։ Եթե ի սկզբանե կիրառվելու է այս սկզբունքը, ուրեմն հանրությանը մոլորության մեջ են գցում, քանի որ այս պարագայում գույքահարկի բարձրացումը համայնքային խնդիրները լուծելու առումով զրոյական արդյունք է ունենալու. համայնքների փաստացի ֆինանսական ռեսուրսները մնալու են նույնը և չեն ավելանալու:
Բացի այդ` առկա են նաև ակնհայտ ռիսկեր: Այն բնակարանների սեփականատերերը, որոնց բնակարանների կադաստրային արժեքը չի գերազանցում 3 մլն դրամը, ներկայում ընդհանրապես գույքահարկ չեն վճարում, իսկ նոր մեթոդաբանությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (նոր մեթոդաբանությամբ յոթերորդ գոտում) գտնվող 2 սենյականոց բնակարանի համար կվճարեն շուրջ 7000 դրամ գույքահարկ: ՀՀ այն ընտանիքը, որը բնակվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ծայրամասում եւ գումարային եկամուտը չի գերազանցում 150 000 դրամը, առկա օրենսդրության համաձայն ընդհանրապես գույքահարկ չի վճարում, իսկ նոր փոփոխությունների համաձայն 2 սենյականոց բնակարանի համար կվճարի առնվազն 7000 դրամ-ի չափով գույքահարկ, այն դեպքում, երբ նրա եկամուտները չեն փոխվի՝ գումարած նաեւ բարձրացված ակցիզային հարկով հարկվող ապրանքների սպառումը: Այս համակարգի ներդրման պարագայում, փոփոխությունների ողջ բացասական ազդեցությունն իր վրա հատկապես զգալու է հասարակության առավել խոցելի խավը, սակայն նախագծի հեղինակները նախընտրում են խոսել միայն վերջինիս դրական կողմերի մասին` մոռանալով ընդգծել, որ քաղաքացիների ֆինանսական բեռը ծանրանալու է, ինչը ներկայիս տնտեսական իրողության պայմաններում էլ ավելի է խորացնելու երկրում առկա սոցիալական լարվածությունը