Բոլորի հիշողության մեջ թարմ է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում և հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր տևական ժամանակ բողոքի ցույցեր էին անցկացնում` պահանջելով չեղարկել այն: Կառավարությունն էլ այն ժամանակ որպես փոխզիջում որոշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է լինելու պետական կառույցների աշխատակիցների համար, իսկ մասնավորների դեպքում օրենքի կիրառումը հետաձգեց: Այժմ, սակայն, գործադիրում մտափոխվել են: Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է համապատասխան որոշում` հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանն ու ՊԵԿ-ին՝ սկսել համապատասխան միջոցառումները:
Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիների գրպանին ևս մեկ բեռ է ծանրանալու՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անվան տակ՝ աշխատավարձի 5 տոկոսը նրանք վճարելու են կուտակային հիմնադրամներին: Եթե սրանք գումարենք կանգ չառնող գնաճը, դժվար չէ կռահել՝ ինչպիսի սոցիալական լարվածության, եթե չասենք՝ ճգնաժամի կարող է հանգեցնել կառավարության նման որոշումը: Ուշագրավ է նաև ժամկետը, որում նախատեսվում է կատարել այս անցումը: Հուլիսի 1-ը փաստացի մեռյալ սեզոն է լինելու ներքաղաքական կյանքում, ավարտված են լինելու բոլոր վերադասավորումները, բաժանված են լինելու տնտեսական և քրեաօլիգարխիկ քվոտաները, կհստակեցվի, թե ովքեր են զբաղեցնելու բոլոր առանցքային պաշտոնները: Հայաստանի իշխանություններն այժմ ապրում են՝ «ապրիլից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» սկբունքով և կարծես թե ունեն դրա իրավունքը: Եթե անգամ այս որոշումն առաջացնի հանրության դժգոհությունը, չկա այն ուժը, որը կարող է այն գեներացնել և ուղղել իշխանությունների դեմ, սասանել իշխանության դիրքերը:
Այո՛, սա շանս կլինի ընդիմության համար՝ մեկ անգամ ևս մեռյալ սեզոնի ֆոնին հիշեցնել իր գոյության մասին, գուցե լինեն երթեր և հավաքներ: Իհարկե, դրանք չեն ունենա այն արձագանքը և արդյունքը, ինչպիսին ունեցավ «Դեմ եմ» շարժումը, որն, ի դեպ, այսօր արդեն գոյություն չունի: Անգամ եթե ձևավորվի այն ֆորս-մաժորային իրավիճակը, որի մասին շատ են սիրում խոսել քաղաքական կյանքի կուլիսներում՝ համակարգը դրան ավելի քան պատրաստ կլինի: Դժվար է ենթադրել, որ սուպերվարչապետի լիազորություններով անձը, ով էլ որ դա արդյունքում լինի՝ կընկրկի հանրության պահանջների առջև: Նման երևույթը հատուկ է միայն ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներին, իսկ մենք ապրում ենք Հայաստանում…
Ստելլա Խաչատրյան