ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Նոր կանոնների համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորը սպառվի, նա 6 ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է, և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։ Բնական է, որ օրենքը զսպող մեխանիզմներ է նախատեսում, սակայն սա մեդալի միայն մի կողմն է. խնդիրը նրանում է, որ այսպիսով՝ ծանրանալու է հատկապես տաքսիստների սոցիալական բեռը, վերջիններս կարող են ընդհանրապես զրկվել վարորդական իրավունքից, իսկ դա նշանակում է զրկվել միակ աշխատանքից: ԱԺ-ն, ընդունելով նման օրինագիծ, թերևս պետք է ավելի հստակ սահմաներ ինդեքսացիայի պայմանները և, հաշվի առնելով, որ տաքսիստները օրվա ընթացքում անցնում են 300-400 կմ ճանապարհ, վերջիններիս համար ինդեքսը պետք է կազմեր առավելագույնս 0,2 և ոչ թե 1 միավոր: Սակայն ԱԺ-ն նախընտրեց գնալ այլ տարբերակով և չի բացառվում, որ մոտ ապագայում տաքսիստները կանգնեն աշխատանքները կորցնելու իրական վտանգի առջև:
 
Սա, սակայն, միակ դեպքը չէ, երբ իշխող քաղաքական ուժի կողմից ընդունած այս կամ այն օրինագիծը զգալիորեն ծանրացնում է քաղաքացիների սոցիալական բեռը: Օրինակ, եկամտային հարկի փոփոխություններով պայմանավորված՝ ցածր եկամուտներ ստացողների համար հարկային բեռը համեմատաբար թեթևանալու է, իսկ բարձր եկամուտներ ունեցողների պարագայում՝ հարկային բեռը կծանրանա:
 
Դեռ նույնիսկ հայտնի չէ, թե շրջանառության հարկի բարձրացումը որքանո՞վ կվնասի Հայաստանում ռեստորանային բիզնեսի զարգացմանը և ընդհանրապես, հատկապես, որ 2020 թվականին շրջանառության հարկը բարձրանալու է ևս 2 տոկոսով։ Այն պահից, երբ գործածվեց շրջանառության հարկը, ռեստորանների կողմից վճարվող հարկերը բարձրացան մոտավորապես 4-5 անգամ: Հիմա 6% է, իսկ եթե դառնա 8%, ապա ստացվում է, որ նախկինի համեմատ՝ հարկերը կավելանան 6-7 անգամ: Հարկերի նման բարձրացումները նշանակում են, որ ռեստորանները ուղղակի թանկացնելու են իրենց ծառայությունները: Նրանց գները թանկանալու են, և արդյունքում՝ Հայաստանը տարածաշրջանում դառնալու է ոչ մրցունակ: Ռեստորանները նորից դառնալու են ճոխություն և հասանելի ոչ բոլորին:
 
2020 թվականից կավելանա ակցիզը սիգարետի, օղու, նաև սեղմված գազի ու դիզելային վառելիքի համար (դրանք մինչև 2025 թվականը հետզհետե ավելանալու են)։ Բարձրացումն առաջարկել են ԵԱՏՄ երկրներում ակցիզների դրույքաչափերը մոտարկելու համար, սակայն արդյունքում՝ վերոնշյալ ապրանքերի համար հարկերի ավելացումը հանգեցնելու է լուրջ գնաճի, ինչը զգալիորեն հարվածելու է քաղաքացիների գրպանին, մինչդեռ այս մեկ տարվա ընթացքում կառավարությունը ոչինչ չի արել, որպեսզի, առնվազն աշխատավարձերի բարձրացման արդյունքում այդ գնաճի հետևանքները զսպվեին:
 
Ինչպես տեսնում ենք, վերջին մեկ տարվա ընթացքում ԱԺ և կառավարության քաղաքական կամքը և օրենսդիր միտքը հիմնականում թիրախավորել էր միջին խավին՝ կարծես, հստակ նպատակ դնելով ծանրացնել վերջիններիս սոցիալական բեռը՝ որքանով որ հնարավոր է…