101 տարի առաջ այս օրը Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները, թուրքական կանոնավոր բանակի և բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ համագործակցությամբ, կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը՝ գրեթե հիմնովին ավերելով Արցախի պատմական մայրաքաղաքը:
Արցախի արտաքին գործերի նախարարությունից պատմական ակնարկ անելով՝ նշում են, որ հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան լքել քաղաքը, ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, թալանվեց մարդկանց ունեցվածքը, պղծվեցին սրբավայրերը:
«Այն հանգամանքը, որ Բաքվի և Անկարայի ցեղասպան քաղաքականությունն այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության համարժեք գնահատականին, իսկ ոճրագործները մնացին անպատիժ, պատճառ դարձավ, որ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, 2020 թ. սեպտեմբերի 27-ին նոր ագրեսիա սանձազերծի Արցախի դեմ՝ դավադրաբար տիրանալով հայոց բերդաքաղաք Շուշիին։ Արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ։ Շուշին եղել է, կա և կմնա Արցախի անբաժան մասը», - նշված է հաղորդագրության մեջ: