Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում փետրվարի 11-ին Արցախ այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է բանակային բնագծի մի շարք հատվա ծներում և ծանոթացել հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել է առաջնագծի պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործողությունների համալիրը, դրանցում ներդրված մարտավարական ու տեխնիկական նորարարությունները:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև Տիգրանակերտի բանակային վարժարանում և հետևել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հրաձգային վաշտի կողմից անցկացվող հետևակի մարտական մեքենաների գործնական հրաձգության պարապմունքներին: