Այն պահից ի վեր, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվեց Ռիչարդ Միլսը, բոլորի համար այլևս պարզ էր, որ Վաշինգտոնն այս քայլով պատրաստվում է էականորեն ակտիվացնել հայ-ամերիկյան հարաբերությունները՝ դրանք բարձրացնելով մի նոր որակական մակարդակի: Երբ ուշադիր հետևում ես դեսպանի՝ տարբեր առիթներով հնչեցրած ելույթներին, պարզ է դառնում, որ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման առումով Վաշինգտոնը, որպես հիմնահենքային դրույթ ու, եթե կուզեք՝ նախապայման, այլևս դիտարկում է Հայաստանում ժողովրդավարության իրական առաջընթացն ու Հայաստանի՝ որպես իրավական պետության կայացումը՝ այս ամենի իրական երաշխավոր համարելով նախևառաջ ՀՀ կառավարությանը:

 

 

Այն, որ Հայաստանում անցկացրած սահմանադրական վերջին հանրաքվեն շատ առումներով դարձավիսկական փորձություն Հայաստանի ողջ պետական համակարգի համար, հայտնի ու անհերքելի իրողություն է: Այս ամենը, բնականաբար, չէր կարող չազդել նաև երկրի միջազգային վարկանիշի վրա, քանի որ քաղաքակիրթ մարդկությունն այս կամ այն երկրի մասին կարծիք կազմելիս ու հարաբերվելիս կարևորում է դրանցում ժողովրդավարության զարգացման մակարդակը:

 

 

Օրերս ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, առցանց ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքին՝ աներկբայորեն ակնարկել էր, որ այդհարաբերությունների է՛լ ավելի ջերմացումը մեծապես կախված է լինելու մեր կառավարության վճռակամությունից՝ գործնականում կյանքի կոչելու այն խոստումները, որ տվել էր՝ կապված հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումները մինչև վերջ բացահայտելու հետ:

 

 

Դե ինչ, կարծում ենք՝ միայն ողջունել կարելի է դեսպանի այսչափ հետևողականությունն այս գործում. բոլորի համար պետք է պարզ լինի, որ աշխարհի «աչքերին թոզ փչելու» արատավոր պրակտիկան այլևս սպառել է իրեն: Ձեզանից շատերը, հավանաբար, նկատած կլինեն, թե մեր կառավարության անդամները, երբ խոսք է լինում Արևմուտքի կողմից այս կամ այն դրամաշնորհի կամ արտոնյալ վարկի հատկացման մասին, ինչպիսի ոգևորությամբ են արձագանքում ու ինչպես են սկսում շփել ափերը, երբ հնարավորություն են ստանում՝ փող «կպցնելու»՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու պատրվակով: Միլսն իր պահվածքով, ըստ էության, ցանկանում է մերոնց հասկանալ տալ, որժամանակն է հաշվետվության, ու կառավարությունից ակնկալում են շատ կոնկրետ գործողություններ՝ երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ. այդ ճանապարհին չափազանց կարևոր է ընտրակեղծարարներին հայտնաբերելն ու պատժելը:

 

 

Այլևս պարզ է մեկ բան. ԱՄՆ-ն ուշիուշով հետևելու է կառավարության ամեն մի քայլին՝ համոզվելու մերոնց անկեղծության մեջ. Հայաստանը փոքր երկիր է, ու մեղավորներին գտնելն առանձնապես բարդություն չի ներկայացնի, մնում է պարզապես համապատասխան կամք ցուցաբերել՝ ապացուցելու աշխարհին, որ մենք իրական իրավական երկիր ենք ու սեփական խոսքերը քամուն չենք տալիս. հակառակ պարագայում՝ կարող ենք առանձնակի հույսեր չկապել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասով…



Դավիթ Բաբանով