ԼՈՒՐԵՐ.com-ը մի քանի օր առաջ ներկայացրել էր սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստան տեղափոխված մի ընտանիքի մասին: Սակայն, սիրիահայ այս ընտանիքը մի քանի օրից պատրաստվում է լքել Հայաստանը, քանի որ այստեղ չի կարողանում արժանապատիվ ապրել, նորմալ վերաբերմունքի չի արժանանում և այլն: Խնդիրներ, որոնք ունենում է Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների մեծ մասը:

 

Մեր ներկայացրած Վարպետ Հակոբի ընտանիքը Հայաստան է տեղափոխվել անցած տարվա հունիսի 8-ին: 8 ամիս է, ինչ կնոջ հետ ապրում է Երևանում: Հայաստան էին եկել այն հույսով, որ կկարողանան աշխատանք գտնել, արժանապատիվ կյանք սկսել, մոռանալ Սիրիայում տեղի ունեցած դաժան իրադարձությունները: Հրապարակումը բուռն արձագանք գտավ համացանցում. ոմանք քննադատում են այս ընտանիքին, ոմանք՝ հայաստանյան իշխանություններին և այլն:

 

Հարցի վերաբերյալ որոշեցինք մեկնաբանություն խնդրել հենց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: Ի զարմանս մեզ՝ նախարարի համար որևէ տարօրինակ բան չկար, որ սփյուռքահայ ընտանիքը, դժգոհ լինելով իրենց նախարարությունից, կառավարությունից, լքում է Հայաստանը. «Սփյուռքի նախարարությունը ռեսուրսներ չունի որևէ մեկին օգնելու, հիմա հանեմ, տա՞մ: Մենք համակարգում ենք, մենք այդպիսի միջոցներ չունենք, դա մեր գործառույթը չէ: Մենք դիմում ենք այս կամ այն կառույցին, որ նրանց օգնեն: Ես չեմ ուզում, որ դուք ամպագոռգոռ ընդունեք մի կողմին, լսեք նաև մյուս կողմին: Կա սիրիահայերի կենտրոն, գնացեք այնտեղ, տեսեք՝ ինչ են ասում այդ մարդկանց մասին, տեսեք՝ նրանք օգնություն չե՞ն ստացել, նրանց երեխաները մեր դպրոցներում չե՞ն սովորում, այդ ընտանիքը հիվանդանոցում ձրի բժշկական օգնություն չի՞ ստացել, մանր և միջին բիզնեսի վարկի չի՞ վերցրել և այլն»,- հայտարարեց նախարար Հակոբյանը:

 

Անդրադառնալով այն հարցին, որ Վարպետ Հակոբին և կնոջն անվճար դեղերի տրամադրման պրոցեսը ձգձգվում է կամ ընդհանրապես տեղի չի ունենում, Հրանուշ Հակոբյանն ասաց. «Ինչո՞ւ պետք է մեր գերատեսչությունը պատասխանի բոլոր գերատեսչությունների փոխարեն: Մենք հարցը բարձրաձայնում ենք, լուծումը տրվում է յուրաքանչյուր կառույցի կողմից: Առողջապահության նախարարությունն այս առումով շատ լավ է աշխատում: Մոտ 3000 սիրիահայի մենք տվել ենք բուժօգնություն՝ պետական բյուջեի հաշվին, 60 սիրիահայ սրտի վիրահատություն է տարել՝ առանց որևէ գումարի: Գիտեք՝ մոտ 20 հազար մարդու մեջ էլ կարող է մեկը լինել, որ ոչ մի բանից էլ գոհ չլինի, վերջիվերջո, նրանք հոգեբանորեն, բարոյապես շատ ընկճված են, նրանց ունեցվածքն ամբողջությամբ ռումբերի տակ է, նրանք կիսատ-պռատ հայտնվել են այստեղ, այնտեղ բավականին բարձր կենսամակարդակ ունեցող մարդիկ էին:

 

Մեր պետությունն էլ այնքան հզոր ու հարուստ չէ, որ բերի, բոլորին տներ տա, աշխատանքի հարց լուծի: Ինչպես մեր հասարակության յուրաքանչյուր անդամ, նրանք ևս պետք է հարմարվեն մեր պայմաններին: Բայց մյուս կողմից այն, ինչ նրանց համար ստեղծված է, համեմատած իրաքահայերի հետ, ավելի լավ է, հնարավոր բոլոր պայմանները ստեղծված են: Եթե չեն ուզում մնալ, իհարկե, կարող ենք նման բաներ ասել, ինչի՞ մասին է խոսքը,- իրավիճակը մեկնաբանեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Քրիստինա Աղալարյան