Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հայրենիք-Սփյուռք ներկա հիմնախնդիրներն ու հեռանկարները՚՚ թեմայով նիստում քննարկվել են «Տարածաշրջանային առանձնահատկությունների հաշվառմամբ համայնքների հետ աշխատանքների իրականացումը», «Համահայկական կառույցների ավանդական կառուցակարգերն ու նրանց գործունեությունը, «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման կառուցակարգերն ու ծրագրերը», «Համահայկական մասնագիտական ընկերակցությունների ձևավորման և գործունեության ընթացքը»:

 

Նիստավարներն էին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, Ազգային կենտրոնական վարչության ատենադպիր Տիգրան Ճինպաշյանը (Լիբանան), ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանը, ՍԴՀԿ Լիբանանի շրջանային վարիչ մարմնի ատենապետ Ալեքսան Քեոշքերյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը (Ռումինիա), Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը (Հայաստան), ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապե տ Գառնիկ Մկրտիչյանը (Լիբանան), ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանը (ԱՄՆ), ՀՕՄ Վրաստանի ներկայացուցիչ Կարինե Թադևոսյանը(Վրաստան):

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շեշտել է, որ հայոց պետությունն ու Սփյուռքը պետք է միասնաբար օգնության ձեռք մեկնեն արտակարգ իրավիճակում հայտնված յուրաքանչյուր հայորդու' օգնության ձևաչափը քննարկելով հայոց պետության և Հայ եկեղեցու հետ:

 

Նա նշեց, որ Հայաստանում այսօր հաստատվել է ավելի քան 12.000 սիրիահայ՝ եւ պետությունը ստեղծել է բոլոր պայմանները նրանց մատչելի կրթության, առողջապահության, զբաղվածության ապահովման, վերապատրաստման ուղղությամբ: Սփյուռքի գրեթե բոլոր համայնքներն իրենց նյութական և բարոյական օգնությամբ կանգնեցին սիրիահա յերի, այդ թվում՝ քեսաբահայության կողքին:

 

«Վերադարձ Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում արտագաղթի եւ ներգաղթի վերաբերյալ վիճակագրական տվյալներ' անդրադառնալով մասնավորապես դեպի Հայաստան ներգաղթի փաստին, որի մասին ավելի քիչ է խոսվում, քան անհրաժեշտ է:

 

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը (ԱՄՆ) խոսել է ժողովրդավար ճանապարհով ընտրված կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կներկայացնի Սփյուռքը:

 

Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը (Ռումինիա) կոչ է արել հպարտանալ եւ օգտագործել Սփյուռքում ապրող այն մարդկանց ուժերը, որոնք արդեն արմատներ են գցել իրենց բնակության երկրներում: Նա խոսել է համազգային խնդիրները միջազգային հանրությանը ներկայացնելու հարցում մեկ միասնական որոշում կայացնելու եւ բոլոր ատյաններում մեկ հստակ դիրքորոշմամբ հանդես գալու հրատապ խնդրի մասին:

 

Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը (Հայաստան), ներկայացնելով կրթօջախի գործունեությունը, նշել է, որ Ամերիկյան համալսարանը հայկական Սփյուռքի կողմից մեր հայրենիքում կատարած լավագույն ներդրումն է, ունեցել է բազմաթիվ սփյուռքահայ հովանավորներ:

 

Զեկույցներով հանդես են եկել նաև «Վահե Սաթյան» հրատարակչատան տնօրեն Հակոբ Հավաթյանը (Լիբանան), Ազգային կենտրոնական վարչության ատենադպիր Տիգրան Ճինպաշյանը (Լիբանան), ՀԲԸՄ հայ երիտասարդաց ընկերակցության Կենտրոնական վարչության անդամ Վաչե Մելքոնյանը (Լիբանան), Մոսկվայի թիվ 305 միջնակարգ կիրակնօրյա դպրոցի տնօրեն Արմինե Առաքելյանը (ՌԴ), Ռուս-հայկական համագործակցություն՚ հասարակական կազմակերպության նախագահ, ՀՅԴ Մոսկվայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Յուրա Նավոյանը (ՌԴ), ՙՈւրարտու՚ միության ղեկավար Ալեքսանդր Սարգսյանը (Չեխիա), «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը (Հայաստան) եւ այլք:

 

Բանախոսներն անդրադարձել են տարբեր երկրների նահանգային, քաղաքային իշխանություններին, որոնք ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ինչը վկայում է տվյալ իշխանությունների և ժողովուրդների արդար դիրքորոշման և բարի կամքի, տեղերում հայկական կառույցների նպատակային գործունեության մասին, որը պետք է ընդլայնվի և շարունակական դառնա:

 

Նշվել է, որ հայոց լեզվի պահպանումը մեր գերխնդիրն է, իսկ արեւմտահայերենի պաշտպանությունը պետք է դիտարկել որպես հայ դատի շարունակություն: Հայաստանն է հայապահպանության գլխավոր կենտրոնը եւ Սփյուռքում ինքնության պահպանումը պայմանավորված է հզոր Հայրենիքով: