Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի թիվ 6 և թիվ 111 հիմնական դպրոցներ՝ ծանոթացել կատարված վերակառուցման աշխատանքներին:
Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլք:
Երևանի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ: Կառուցումը մեկնարկել է 2020 թվականին և ավարտվել 2023 թվականի օգոստոսին: Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման, կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 166,7 մլն դրամ: Ներկայումս դպրոցում սովորում է 780 աշակերտ: Դպրոցը համալրվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկական սարքավորումներով:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել. «Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել այս վերադարձի առիթով, որովհետև գիտեմ, որ բոլորդ շատ երկար եք սպասել, և ուրախ եմ, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենում: Մենք ինչո՞ւ ենք այսքան մեծ կարևորություն տալիս դպրոցին, դպրոցաշինությանը, որովհետև կարծում ենք, որ սա ռազմավարական խնդիր է և ռազմավարական ծրագիր»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրի ապագան կախված է գալիք սերնդից, նրա մոտ ձևավորվող գաղափարներից և մտքից: «Ինչո՞ւ ենք մենք այսքան կարևորում դպրոցաշինության ստանդարտը և որակը, որովհետև ուզում ենք, որ բոլորդ դպրոցում զգաք ինչպես տանը: Մենք ուզում ենք, որ դուք դպրոցին վերաբերվեք այնպես, ինչպես տանն եք վերաբերվում, և ընդհակառակը՝ ուզում ենք նաև, որ դպրոցը ձեզ վերաբերվի այնպես, ինչպես սովորաբար ձեզ ընդունում են ձեր ծնողները, ձեր տատիկները, պապիկները, քույրերը և եղբայրները: Եվ շատ կարևոր ենք համարում, որ դպրոցը ձեզ օգնի լուծել երեք շատ կարևոր հարց, որոնք սկզբունքային են մեր կրթական բոլոր բարեփոխումների համար: Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր աշակերտ դպրոցից դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով: Սա շատ կարևոր է»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է կրթության համար բարենպաստ, ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող պայմանների ստեղծման կարևորությունը. «Սակայն շենքը, գույքը, մնացած ամեն ինչն ընդամենն անկենդան առարկաներ են: Հիմա դուք ձեր ամենօրյա վերաբերմունքով պետք է կյանք տաք այդ շենքին»:
Անդրադառնալով ֆիզիկական կուլտուրայի համար նախատեսված դահլիճների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք բոլոր հաստատությունների համար պետք է հստակ չափանիշներով կառուցվեն և գործեն. ֆիզկուլտուրայի դահլիճները, բասկետբոլի, ֆուտբոլի դաշտերը՝ յուրաքանչյուրը պետք է համապատասխան չափանիշներով լինի: