Աշխարհը մարտի 15-ին կնշի Սպառողների պաշտպանության միջազգային օրը' կոչ անելով բոլորին սնվել առողջ սննդակարգով: Միանալով այդ կոչին' Հայաստանի սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվողները ևս ընդգծում են, որ իրենց իրավունքների պաշտպանության մասին պետք է մտածեն բոլոր քաղաքացիները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ Հայաստանում շարունակում է խնդիր մնալ արագ սննդի օգտագործումն ու առողջ սննդակարգի բացակայությունը:

 

«Մեզ մոտ բնակչության 2 տոկոսից ավելին է սնվում արագ սննդով, իսկ աշխարհում միջին ցուցանիշը 1 տոկոս է: Սա մտահոգող ցուցանիշ է: Տարեցտարի ավելանում են ներդրումները արագ սննդի արդյունաբերության մեջ, և միևնույն ժամանակ ընդլայնվում է այն հիվանդությունների շարքը, որոնք կարող են առաջանալ սխալ սնվելու հետևանքով: Արագ սնունդը պարունակումէ մեծ քանակությամբ շաքար, որը չի յուրացվում օրգանիզմի կողմից և բերում է վատ հետևանքների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Հակոբյանը: Սպառողների ազգային ասոցիացիայի նա խագահը օրինակ բերեց այն դեպքերը, երբ հայ ծնողները երեխաներին խոստանում են համբուրգերներ և գազավորված հյութեր, եթե նրանք լավ սովորեն:

 

Մելիտա Հակոբյանի խոսքով' ցածր է սպառողների իրազեկության մակարդակը, և շատերը չգիտեն' ինչպես ճիշտ սնվել: «Խնդիրն այն է, որ յուրաքանչյուրը պետք է մտածի իր իրավունքների պաշտպանության մասին, ահազանգի, եթե խախտվել են իրավունքները: Մեր արտադրողների զգալի մասը որակյալ արտադրություն է իրականացնում, և հաճախ խնդիրը լինում է խանութներում կամ սննդի պահպանման և տեղափոխման հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա սպառողն իրավունքն ունի պահանջելու, որ գնված ապրանքը փոխանակվի կամ հետ վերցվի 14-օրյա ժամկետում»,- ասաց նա: Հ ակոբյանը հավելեց, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը մարդիկ պետք է օգտագործեն իրենց գիտելիքներն այդ ոլորտում զարգացնելու համար:

 

Ամեն տարի մարտի 15-ին աշխարհում նշվում է Սպառողների իրավունքների պաշտպանության օրը: Օրվա ընտրությունը պայմանավրոված է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի' 1961 թվականի մարտի 15-ին Կոնգրեսում հնչեցրած ճառով, որտեղ սահմանվում էին սպառողների իրավունքները: 1983-ից այդ օրը սկսեց նշվել որպես Սպառողների իրավունքների պաշտպանության օր: Այս տարի օրվա կարգախոսը լինելու է առողջ սննդակարգը: