ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Time հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում իր ազգային շահերի պաշտպանության կոնկրետ խնդիր է լուծում և անվերջանալի գործողություն չի պլանավորում այդ երկրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն Սիրիայում կատարում է «միանգամայն սահմանափակ, կոնկրետ խնդիր՝ հիմնված ազգային շահերի պաշտպանության վրա և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով: «Ուստի նա չի որոշելու այնտեղ ռուսական բանակի, ռուսական զինված ուժերի ներկայության մասշտաբները, այլ Ռուսաստանի իշխանությունները, գերագույն գլխավոր հրամանատարը և բոլոր նրանք, ովքեր ներքաշված են այդ գործընթացում»,- ասել է Մեդվեդևը: Նա հիշեցրել է, որ Մոսկվայի շահն այն է, որ «ծայրահեղականները, ահաբեկիչները Սիրիայի տարածքից չներթափանցեն Ռուսաստանի Դաշնության տարածք»: «Երբ այնտեղ զինյալների թվաքանակը, որոնք եկել են Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրներից, հազարներով է հաշվվում, դա իրական սպառնալիք է մեզ համար: Հենց դրա համարել էլ մենք ռազմական գործողություն սկսելու որոշումն ընդունեցինք»,- նշել է Մեդվեդևը:
«Իհարկե, մենք կցանկանայինք, որ Սիրիան պահպանվեր նախկին սահմաններում որպես միասնական պետություն»,- ընդգծել է ՌԴ վարչապետը: Նրա կարծիքով՝ Սիրիայի պահպանման անհրաժեշտությունը հասկանում են ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրոպայում և ԱՄՆ-ում: Այդ կապակցությամբ Մոսկվան մտադիր է շարունակել շփումները սիրիական խնդրի կարգավորման գծով գործընկերների հետ, արձանագրելով, որ երկխոսությունը, որքան էլ որ այն դժվարին լինի, «իր զարգացումն է ստացել»: «Դա զգուշավոր լավատեսություն է ներշնչում, որ ապագայում կհաջողվի համաձայնության հասնել Սիրիայում կարգավորման գործընթացի, միջսիրիական երկխոսության, դրա սկզբունքների, մասնակիցների ու հրադադարի շուրջ»,- ասել է Մեդվեդևը:
Ռուսաստանի վարչապետը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին՝ զերծ մնալ Սիրիայում ցամաքային ռազմական գործողություն անցկացնելուց: «Դա չպետք է անել և նույնիսկ չպետք է դրանով վախեցնել»,- հայտարարել է նա Time հանդեսին տված հարցազրույցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: