2017թ. խորհրդարանական ընտրություններին մնացել է 419 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնել է «6000 վստահված անձ» նախագիծը, որի նպատակն է կանխել ընտակեղծիքները:

 

Կուսակցությունը մտադիր է երեքական ներկայացուցիչ ունենալ հայաստանյան բոլոր՝ շուրջ 2000 տեղամասում: «Քաղաքացիական պայմանագիրն» իրատեսական է համարում կանխել կեղծիքները՝ 6000 վստահված անձանց միջոցով ու ընտրություններով հասնել իշխանափոխության։

 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ՝ ճշտելու եղե՞լ են ընդդիմադիր այլ կուսակցություններից, հ/կ-ներից համագործակցության առաջարկներ, ի՞նչ են տվել մարզային այցելությունները կուսակցությանը:

 

Սիմոնյանի խոսքով՝ մարզային այցելությունները մեծ մասամբ ավարտվում են տարածքային կառույցներ հիմնելով.

 

«Հանդիպում ենք մարդկանց հետ, տեսնում ենք նրանց վերաբերմունքը, ներկայացնում մեր ծրագրերն ու անելիքները: Հանդիպումների արդյունավետությունը չափազանց բարձր է: Շաբաթը երկու-երեք անգամ վարչության անդամներն այցելում են տարբեր մարզեր, այցելությունների շնորհիվ կուսակցության շարքեր ներգրավվում են բազմաթիվ քաղաքացիներ»,- ասաց Սիմոնյանը:

 

Անդրադառնալով «6000 վստահված անձ» նախագծին՝ Սիմոնյանը նշեց, որ գրեթե մեկ ամսում 100-ից ավել վստահված անձ է ներգրավվել:

 

Հարցին, թե ընդդիմադիր կուսակցություններից, հ/կ-ներից համագործակցության առաջարկներ ստացե՞լ են, թե՞ ոչ, Սիմոնյանն ասաց.

 

«Որևէ առաջարկ դեռևս չենք ստացել, որովհետև մեզանում ընտրություններով զբաղվելու մշակույթը դեռ զարգացած չէ, այստեղ ընտրություններով սկսում են զբաղվել ընտրություններից վեց ամիս առաջ»,- ասաց Սիմոնյանը և նշեց, որ կուսակցության վստահված անձինք, կուսակցության համակիրներն իրենց նախաձեռնությամբ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հանդես են եկել որպես վստահված անձ և բազմաթիվ խախտումների հրապարակման հեղինակներ են հանդիսանում»:

 

Ի դեպ, «6000 վստահված անձի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս պահին արդեն կա գրանցված 121 վստահված անձ: