Մայիսի 29-ին www.hetq.am լրատվական կայքը հրապարակեց «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրով հետաքննական հոդված, որտեղ ասվում էր այն մասին, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է դատախազություն՝ խնդրելով պարզել, թե ով է գրանցել WLISPERA HOLDINGS LIMITED-ը, և ինչպես է իր անունը հայտնվել ընկերության բաժնետերերի ցանկում:

ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը, անդրադառնալով Հետքի հրապարակմանը, որտեղ, ըստ էության, վարչապետ Տիգրան Սարգսյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ, ասել է հետևյալը. «Պետք է նախ խորությամբ ուսումնասիրել բոլոր հանգամանքները, պետք է նաև հետևել, թե ինչ զարգացումներ կլինեն: Եթե նման լրագրողական մակարդակի բացահայտում է տեղի ունեցել, իհարկե մենք կարող ենք ասել, որ միգուցե դեռևս պետք է ապացուցվի այս ամենը, բայց արդեն իսկ այս հանգամանքը խորհելու տեղիք է տալիս, և բնականաբար սա հաղորդում է հանցագործության մասին, և իրավապահ մարմինների գործելու հերթն է գալիս, և պետք է տեսնել, թե ինչ ընթացք է այս ամենը ստանալու»:

Ըստ փորձագետի՝ այստեղ հատկապես պետք է մեծ լինի հասարակության ուշադրությունը, քանի որ հասարակության տրամադրությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ այս գործի հետ կապված: Բացի այդ, ըստ էդգար Վարդանյանի, հատկապես ակտիվ պետք է լինեն ընդդիմադիր գործիչները: «Եվս մեկ առիթ է, կարելի է ասել, ընդդիմադիր հանրության համար, որպեսզի ընդդիմադիր հանրությունը իր ճնշումը ուժեղացնի իշխանությունների նկատմամբ: Միշտ ճնշում իրականացնելու համար պետք են ինչ-որ փաստեր, ինչ-որ գործընթացներ և ինչ-որ բացահայտումներ»,- մեզ հետ զրույցում ասել է փորձագետը:

Ըստ նրա՝ ընդդիմության հաջողության գրավականներից մեկը կարող է լինել այն, որ տարբեր անկախ լրատվամիջոցներ, հետազոտական կենտրոններ բացահայտեն ռեժիմի արատները և նաև փորձեն հիմնավորել իրենց հայտարարությունները: «Այս ամենը կուժեղացնի ընդդիմությանը և միևնույն ժամանակ կթուլացնի իշխանության դիրքերը: Պետք չէ մտածել, թե ամեն ինչ պարզ է, բոլորն էլ գիտեն, որ կոռուպցիա կա, որ ժողովրդավարություն չկա, և դա բավարար է, ոչ, այն բավարար չէ, պետք է ամեն օր բարձրաձայնել այս ամենի մասին, ամեն ոլորտում առկա խախտումներն իրենց փաստերով ներկայացնել հասարակությանը»,- նշել է ՌԱՀՀԿ փորձագետը:

Փայլակ Ֆահրադյան