«Գործն արհեստական և շինծու է, մեզ համար անհասկանալի է՝ ինչ նպատակ է հետապնդում այն»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԱԾ կողմից Սրբազան Կճոյանին առաջադրված մեղադրանքին: Պաշտպանի խոսքով՝ սրբազանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Նա մանրամասն ցուցմունք է տվել, որպեսզի ստուգեն, սակայն առանց որպես վկա հարցաքննելու մեղադրանք են առաջադրել։ Սակայն, տուժող կողմից ցուցմունք չկա։ Այս պահին էլ ԱԱԾ-ում ենք, քննչական գործողություններ են կատարվում»,- ասաց նա՝ նշելով, որ մեղադրանքն առաջադրվել է 2 օր առաջ և անսպասելի էր, որ մեղադրանք կառաջադրվի։ Արսենյանը նշեց՝ ցավ է ապրում, քանի որ այս գործելաոճը բնորոշ էր նախորդ իշխանությանը:
Հիշեցնենք, որ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել օֆշորի աղմկահարույց գործով։ Շուրջ 10 տարի է՝ ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկում, որն այն գնահատել է 33 միլիոն դոլար և դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ Կճոյանը: Սակայն 2014 թվականի հունվար ամսին Վրաստանից հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը որևէ կապ չունեն այդ գործի հետ, և, որ ինքն է կեղծել ստորագրությունները։ Աշոտ Սուքիասյանն այս գործով միակ դատապարտվածն է։