ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաստատել է Վայոց Ձորի նախկին մարզպետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործի առկայությունը։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի, մարզի գյուղատնտեսության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանի և մարզի մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասի 1-ին կետերով։ Քրեական գործը հարուցվել է 2013 թվականի մայիսի 2-ին՝ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա:
Ըստ ՀՔԾ-ից ստացված տեղեկատվության, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գորրծը ստացել է 03.05.2013թ. եւ քննության ներկա փուլում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ:
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 6-ին էր «Փաստինֆո»-ն տեղեկացրել հարուցված քրեական գործի մասին' հիմնվելով իր հավաստի աղբյուրների վրա եւ նշելով, որ խոսքը գնում է միլիոնների հափշտակության մասին։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մի քանի համայնքների ղեկավարներից նախկին մարզպետը պահանջել և ստացել է համայնքներում դիզելային վառելիք ստացող շահառուների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք, ըստ իրավապահների եղել են կեղծ, որի արդյունքում դիզելային վառելիքն իրականում չի բաշխվել, իսկ սուբսիդավորման համար նախատեսված գումարներն էլ հափշտակվել են։
Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐ-ի