«Անձնավորված չեմ ուզում խոսել, բայց կասեմ, որ ամեն ինչ փորձում էի անել և պարոն Սաղաթելյանին բացատրել շատ գործըթացների օրինական ճանապարհները: Իմ ոլորտը կրթություն և երիտասարդությունն էր և չեմ կարող վստահաբար ասել՝ ուղղորդե՞լ է, թե՝ ոչ, թո՞ւյլ է տվել, թե՝ ոչ, ես խնդիրների մասին եմ բարձրաձայնել, իսկ թե հետո ինչու դրանք ընթացք տալու համար որոշումներ չէին կայացվում մարզպետի կողմից, չեմ կարող ասել»,-այս մասին ԼՈՒԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետի ԺՊ Նանե Ասատրյանը՝ անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանը չի թողնում կոռուպցիոն ռիսկեր բացահայտվեն իր մարզում, քանի որ դրանց ետևում ՀՀԿ-ական իր ընկերներն են կանգնած

Վայոց Ձորի մարզպետի ԺՊ-ի խոսքով, մի շարք բողոքներ են եղել նախկին մարզպետի հետ կապված, ավելին՝ Ասատրյանը մանրամասնեց, որ մեկ անգամ ինքն իր անունից է դիմում-բողոք գրել Արագած Սաղաթելյանին, որը նաև կապված էր բնակիչների բողոքների և խնդիրների հետ: Նանե Ասատրյանը միևնույն ժամանակ մեզ հետ զրույցում նշեց, որ մի քանի դպրոցներում հայտնաբերել են որոշ խախտումներ, այնուհետև, նախկին մարզպետի հետ քննարկելուց հետո, որոշել են առաջին անգամ տալ նկատողություն, երկրորդի դեպքում՝ ազատել աշխատանքից. «Այդ դպրոցների գործերն այս պահին քննվում են»

Մեր այն ճշտող հարցին, թե Սաղաթելյանը հասցրե՞լ է արդյոք իր պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում շոշափելի որևէ արդյունքի հասնել, Ասատրյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Համենայն դեպս, տեղյակ չեմ և կոմպետենտ չեմ այդ առումով: Բայց, որ եղել են խնդիրներ, որոնք կարող էին իրավական ընթացք ստանալ, իսկ դրանց լուծումները հապաղել են՝ փաստ է: Թե ինչու, չեմ կարող ասել: Ոչինչ չանելն էլ է չէ՞ ինչ-որ բան նշանակում»:

Վերջում, խոսելով մարզի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից, Նանե Ասատրյանն ասաց. «Կարևորագույններն են ապօրինի շինությունները, հողատարածքները, որոնք գնվել են մի անվան տակ, բայց շահագործվում են լրիվ այլ նպատակներով, կրթական և առողջապահական ոլորտներում ևս կան խնդիրներ: Ունենք որոշակի փաստեր այս ոլորտներում առկա խնդիրների մասին և առաջիկայում զբաղվելու ենք հենց այս հարցերով»: 

 

Իսկ ինչ վերաբերում է Վայոց Ձորի մարզպետի ներկայիս ԺՊ Նանե Ասատրյանի կրոնական ուղղվածությանը, այն բանին, որ նա «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ է, վերջինս մանրամասնեց, որ ինքն անձամբ տվյալ եկեղեցու հետևորդ չէ, ոչ էլ իր ընտանիքի անդամներն են հարում այդ աղանդին, սակայն ունի մի շարք ընկերներ, որոնք այդ կրոնական կազմակերպության անդամներ են: 

Արմինե Միքայելյան