Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին համարել եմ պետական համակարգի բացառիկ ադեկվատ մարդկանցից մեկը: Սակայն երեկ պարոն մարզպետը, հավանաբար դժգոհ մնալով համացանցային հարցման՝ իրեն վերաբերող արդյունքներից, մի պահ, հուսամ' ոչ աշխատանքային ժամի, իրեն վերապահել է Շերլոկ Հոլմսի գործառույթներ և փորձել է ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդներով գուշակել, թե ինչու է լրատվամիջոցը նյութի տեքստի մեջ իրեն մարզպետի փոխարեն ներկայացրել որպես պատգամավոր, և այնքան է խորացել իր մտասևեռումների մեջ, որ այդ երևույթի մեջ սկսել է ջհուդամասոնական դավադրություններ փնտրել:

 

Իսկ փաստն այն է, որ լրագրողը հարցման շաբլոնը լրացնելիս (հարցումները ամփոփվում են ստանդարտ տեքստերով, հարցումների ամփոփումից հետո, որն, ի դեպ, ավտոմատացված է և չի կարող որևէ միջամտության ենթարկվել, համապատասխան պատուհաններում լրացվում են քվեարկության տոկոսներն ու քվեարկվողի անվանումը) թյուրիմացաբար մոռացել է փոխել պատգամավոր բառը մարզպետի, ինչը, իհարկե, շտկվել է: Զարմանալի է նաև, որ մարզպետ Ղազարյանը ինքն իր համար այդ հրապարակումից հետո է պարզել, որ աշխարհում, բացի սոցիոլոգիական կազմակերպություններից, հարցումներ իրականացնում են նաև էլեկտրոնային կայքերը:

 

Ի դեպ, հարցման ցանկացած տեղաշարժ տեսանելի է եղել գործընթացի ամբողջ ընթացքում: Պարզապես Էդգար Ղազարյանը, իր վարկանիշի (որը, ըստ նույն հարցման, այդքան էլ վատ վիճակում չէ) վերաբերյալ եզրահանգումներ անելու փոխարեն, քոմենթչիների իր խմբի հետ միասին փորձել է ցեխ շպրտել մի լրատվամիջոցի հասցեին, որը մշտապես բարեխղճորեն լուսաբանել է իր գրեթե արարողակարգային գործունեությունը: Հետաքրքիր է, որ մարզպետը, ով անգամ խմբագրման է ենթարկել մեր մասին իր մի քանի տասնյակ բառ պարունակող գրառումը, և չնայած այն հանգամանքին, որ եզրահանգումներ անելու իր մեթոդով գերազանցել է անգամ Շերլոկ Հոլմսին, չի ենթադրել, որ լրատվամիջոցների հրապարակումներում, իհարկե ոչ հաճախակի, կարող են տեղ գտնել վրիպակներ, և այդ փաստը որպես փրկօղակ օգտագործելը, մեղմ ասած, հարիր չէ պետական գործչին:

 

Սա ի պատասխան Ղազարյանի հրապարակային հայտարարության: Իսկ եթե մարզպետը լրացուցիչ պարզաբանումների կարիք ունի՝ կարող է զանգահարել ինձ: Ջհուդամասոնական դավադրություններ փնտրելիս միգուցե իմ հեռախոսահամարը ևս գտնի...


Վարուժան Բաբաջանյան