Ադրբեջանն ու ՌԴ Դաղստանի Հանրապետությունը միացնող «Կավկազ» դաշնային մայրուղին շրջափակվել է ռուս-ադրբեջանական սահմանի մոտ ոստիկանական ճանապարհապարեկային պահակակետում տեղի ունեցած պայթյունի պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, պայթյունը տեղի է ունեցել առավոտյան մոտ ժամը 9-ին Դերբենտի շրջանի «Ջիմկենտսկի» ճանապարհապարեկային պահակակետում: Դաղստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ ոստիկանության աշխատակիցները ստուգման համար կանգնեցրել են ավտոմեքենան, այդ պահին մահապարտ-ահաբեկիչը գործողության է բերել պայթուցիկ սարքը: Արդյունքում, վերջին տվյալներով, ոստիկանության երկու աշխատակից զոհվել, ևս 18 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Մասնագետների գնահատականներով՝ պայթուցիկի հզորությունը կազմել է 30 կգ տրոտիլային համարժեքից ավելի:
Դաղստանում ճանապարհապարեկային պահակակետում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Նախնական տվյալներով՝ ռումբը պայթեցրել է 23-ամյա Ադմիր Թալիբովը, որը Աստրախանի բժշկական համալսարանի նախկին ուսանող է: Նա բազմիցս հայտնվել էր իրավապահների տեսադաշտում և անգամ ձերբակալվել Աստրախանի օդնավակայանում ԻՊ-ին միանալու մտադրությամբ Թուրքիա թռչել փորձելու ժամանակ: